Սեյրան Օհանյանը մի բան գիտեր

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 12:09
Երեւանում ավարտվեց ՀԱՊԿ վեհաժողովը, որը շատերը գնահատել են որպես այդ բլոկի չգոյության վկայություն, դրա ավարտի սկիզբը:

ՀԱՊԿ երեւանյան հավաքին Պուտինն գրեթե չխոսեց: Երեւանից մեկնելով Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ վեհաժողովին, Պուտինը, խոսելով հետխորհրդային տարածքում հակամարտությունների մասին, հայտարարեց, թե չնայած նախկին ԽՍՀՄ որոշ հանրապետություններ ՀԱՊԿ անդամ չեն, սակայն նրանց հետ կան պատմական խորը կապեր, որոնք անհնար է հաշվի չառնելը: Փաստացի, նա հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամությունը որեւէ առավելություն չի տալիս անդամներին այլ պետությունների հետ հակամարտություններում:

Ղազախստանի նախագահ Նազարբաեւը Երեւան իր փոխարեն ուղարկեց վարչապետին, թեեւ ավելի վաղ նախատեսված էր նրա այցը Հայաստան ու Ադրբեջան: Իսկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ դժգոհեց, որ աշխարհում չեն ճանաչում ՀԱՊԿ-ը:

Երեւանում, ըստ ավելի վաղ արված հայտարարությունների, պետք է նշանակվեր ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար, ընդ որում՝ Հայաստանից: Տեղեկություն եղավ, որ այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Սակայն նա ի պատասխան հայտարարեց, որ եթե իրեն առաջարկեն, ինքը մերժելու է, միանշանակ:

Ով ով, բայց Սեյրան Օհանյանը լավ գիտե այդ բլոկի վիճակն ու էությունը, հատկապես Հայաստանին վերաբերվող հարցերում: Օհանյանը դա լիուլի զգացել է իր «մաշկի վրա», հատկապես ադրբեջանական ագրեսիաների ժամանակ:

Միեւնույն ժամանակ, հայ գեներալն ըստ ամենայնի գիտե, թե ինչ է սպասվում այդ բլոկին մոտ ապագայում: Իմաստ չունի գլխավորել նման բլոկը: Եվ ընդհանրապես, ինչ իմաստ ունի մնալ մի բլոկում, որը որեւէ առավելություն չի տալիս իր անդամներին, փոխարենը սահմանափակելով նրանց կարողությունները պաշտպանության ու անվտանգության ոլորտում: