ԵԱՏՄ-Չինաստան ազատ առևտրի գոտու վտանգները

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 10:16
Դեռևս 2015թ. փետրվարին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական գործարկումից ընդամենը 1 ամիս անց, Չինաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Դենիսովը հայտարարեց  ազատ առևտրի գոտի ստեղծելու՝ կողմերի ունեցած մտադրության մասին:

Ե՛վ Չինաստանը, և՛ Ռուսաստանը եվրասիական տարածաշրջանում առավել խորը ինտեգրման ջատագովներ են, սակայն երկուսն էլ ունեն ինտեգրման վերաբերյալ սեփական պատկերացումները: Ռուսաստանի դեպքում ինտեգրացիոն գործընթացները ծավալվում են ԵԱՏՄ համատեքստում, իսկ ահա Չինաստանը 2013թ.-ից հետևում է նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած ‹‹Մետաքսի ճանապարհի›› դոկտրինին: Երկու դեպքում էլ նպատակը եվրասիական տարածաշրջանի երկրներում տնտեսական փոխկապվածության և փոխկախվածության խորացումն է հօգուտ այս երկրների տնտեսական ու գեոքաղաքական շահերի: Այս համատեքստում գոնե մեկ տեսանկյունից երկու ծրագրերի նպատակները համընկնում են և դեպքերի զարգացման օպտիմալ սցենար է դառնում ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Ուստի և հետաքրքրական է դառնում այն հարցը, թե ինչպիսի տնտեսական հետևանքներ կարող է ունենալ այսպիսի համաձայնագրի կնքումը Եվրասիական տնտեսական միության և մասնավորապես Հայաստանի համար:

ԵԱՏՄ-ն և Չինաստանը        

ԵԱՏՄ-ն և Չինաստանը աշխարհագրական առումով հարևան և փոխկապված երկու ռեգիոններ են և այդպիսով կողմերի միջև պատմականորեն ձևավորվել են կայուն և սերտ առևտրային կապեր: Ստորև ներկայացված է գրաֆիկ,որն արտացոլում է ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր արտահանման մեջ դեպի Չինաստան կատարվող արտահանման մասնաբաժինները:                     

Ինչպես երևում է գրաֆիկից, վերջին տարիների ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է գրանցել դեպի Չինաստան արտահանման ծավալների շարունակական աճ: Այս իրավիճակում թվում է, թե ազատ առևտրի համաձայնագիրը կդառնա հենց այն գործիքը, որով կարելի է մեծացնել Հայաստանից արտահանման ծավալները և լուծել մի շարք տնտեսական խնդիրներ: Սակայն թվերը ևս կարող են խաբուսիկ լինել, քանզի դեպի Չինաստան արտահանման մասնաբաժնի աճ գրանցվել է ոչ թե արտահանման բացարձակ աճի հաշվին, այլ դեպի ուրիշ երկրներ արտահանման շեշտակի կրճատման հաշվին: Բանը նրանումն է, որ Ռուսաստանի տնտեսության անկման ու ռուբլու արժեզրկման արդյունքում ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման կտրուկ կրճատում է եղել, և այդ պայմաններում Չինասատանի տեսակարար մասնաբաժինը աճել է, մինչդեռ բացարձակ առումով արտահանումը 2014 թ. 414 մլն ԱՄՆ դոլարից կրճատվել է ՝ 2015թ. հասնելով 315 մլն ԱՄՆ դոլարի:

Զուգահեռաբար խորանում է նաև Հայաստանից դեպի Չինաստան կատարվող արտահանման ապրանքային միատեսակությունը: 2015թ. արտահանման 99.36 %-ն ապահովել է Հանքաքար, խարամ և մոխիր ապրանքախումբը: Այս ոլորտը արդյունահանող արդյունաբերության քիչ ավելացված արժեք ստեղծող ոլորտներից է, ուստի իրատեսական չէ ակնկալել, որ այս ապրանքախմբի արտահանման ավելացման հաշվին հնարավոր է էական շահույթներ ստանալ և ապահովել բյուջետային լրացուցիչ մուտքեր: Ավելին, նմանատիպ ապրանքների արտադրության ավելացումը մտահոգիչ կարող է լինել շրջակա միջավայրին հասցվող վնասների առումով:

Միաժամանակ ՀՀ արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռող են մնում այնպիսի ապրանքատեսակները, ինչպիսիք են սննդեղենը  և գյուղատնտեսական հումքը  (28.56%), հանքանյութերը (27.1%) և թանկարժեք քարերն ու մետաղները (20.4%): Բոլոր այս ոլորտներում Չինաստանը համաշխարհային շուկայի կարևորագույն մատակարարներից է և եթե նկատի ունենանք ՀՀ-Չինաստան տրանսպորտային ենթակառուցվածքների թերզարգացվածությունը, ապա կարելի է արդարացիորեն նշել, որ ԵԱՏՄ-Չինաստան ազատ առևտրի համաձայնագիրը հազիվ թե օգնի այս ոլորտների հայրենի արտադրողներին մտնել Չինական շուկա:

Սրան զուգահեռ վերջին տարիներին ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում մեծանում է Չինաստանից կատարվող ներմուծման մասնաբաժինը: Չինական էժան ապրանքները կարողանում են հեշտորեն դուրս մղել ազգային արտադրողներին ներքին շուկայից՝ վնասելով հայրենական արտադրությանը: ՀՀ-ում ևս Չինաստանից ներմուծման ծավալները բավականին կայուն են և ի տարբերություն արտահանման ապրանքային կառուցվածքի՝ բավականին դիվերսիֆիկացված են: Հետևապես հավանական է, որ ազատ առևտրի համաձայնագրի կնքման պարագայում մի շարք ապրանքատեսակներով Չինական արտադրողները սկսեն հայկական շուկայից դուրս մղել տեղական արտադրողներին:

Ինտեգրացիոն առաջընթաց,թե՞ տնտեսական հետընթաց

Այս պայմաններում հարց է առաջանում, թե արդյոք մաքսատուրքերի զրոյականացում նախատեսող ազատ առևտրի համաձայնագիրը բխում է ՀՀ կամ ԵԱՏՄ շահերից: Սխալ կլինի ակնկալել,որ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ կտա մեծացնել ՀՀ-ից արտահանման ծավալները և կապահովի նոր աշխատատեղերի ստեղծում: Ընդհակառակը, առավել հավանական է, որ չինական էժան ապրանքները, որոնք այսօր գերմրցակցային են համաշխարհային շուկայում, կկարողանան հեշտորեն դուրս մղել ազգային արտադրողներին շուկայից և էլ ավելի կբարձրացնեն գործազրկության մակարդակը:

Անպատեհ չի լինի այս համատեքստում դիտարկել ԵՄ օրինակը: Եվրամիությունը Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, իսկ Չինաստանը՝ ԵՄ-ի երկրորդ ամենախոշոր գործընկերը: Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ն ունի համեմատաբար կայուն տնտեսություն և զգալի մրցակցային առավելություններ արտաքին առևտրում, Եվրահանձնաժողովը շարունակ հետաձգում է Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը՝ այդպիսով պաշտպանելով ընդհանուր շուկան չինական էժան ապրանքների ներհոսքից և դրանից բխող բոլոր բացասական տնտեսական հետևանքներից:

Տնտեսական զարգացման գոնե արդի մակարդակում սխալ չէր լինի հետևել ԵՄ օրինակին: Եվ՛ Հայաստանը, և՛ ԵԱՏՄ անդամ այլ երկրները պետք է նախևառաջ կենտրոնացնեն ուշադրությունը իրենց երկրների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման և իրենց ազգային արտադրողներին աջակցելու վրա, քանզի ինտեգրացիոն գործընթացների խորացումից օգուտներ կարող են ապահովել միայն այն երկրները,որոնք ունեն բարձր մրցակցային և կայուն ազգային տնտեսություն:

Անդրանիկ Մանուկյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»