ՊԵԿ նոր նախագահի առաջին լուրջ փորձությունը

    • Ներքին կյանք - 15 Հոկտեմբերի 2016, 17:50
«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը արդարադատության նախարարին գրություն է ուղղել՝ նշելով, որ Հարկային օրենսգիրքը օրենքի խախտմամբ է ընդունվել խորհրդարանում:

Խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին կամ փաթեթին կից պետք է ներկայացվի ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունը: Իսկ Հարկային օրենսգիրքը խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունվել է առանց ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունների, որոնց թվում են տնտեսական, փոքր ու միջին ձեռնարկատիրության ազդեցության գնահատումը, մրցակցության ազդեցության գնահատումը, հակակոռուպցիոն ազդեցության գնահատումը:

Կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ ենթադրվում է ազդեցության գնահատումը չի հրապարակվել, քանի որ նախկին էկոնոմիկայի նախարարությունը սկզբնական նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է ունեցել:

Այն, որ նախկին էկոնոմիկայի, իսկ այսօր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտահոգիչ դրույթներ է տեսնում Հարկային օրենսգրքում, օրերս կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել էր նաև փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նա նշել էր, որ նախարարությունն այսօր անում է վերլուծություններ, և չի բացառվում, որ մտահոգիչ դրույթները 2018 թվականից առաջ՝ նախքան օրենսգրքի ուժի մեջ մտնելը, փոփոխման կենթարկվեն:

Փայլակ Թադևոսյանը նշում է, որ օրենսգրքի որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից, դա վերաբերում է անցումային մասին, և պետք է հստակ հասկանալ՝ կառավարությունը կհասցնի՞ ունենալ անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:

«Այսինքն՝ էլի խնդրի առաջ ենք կանգնելու, մինչև հիմա իրենց էլկտրոնային համակարգը չեն կարողանում գլուխ բերել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ խորհրդարանը հապշտապ ընդունեց Հարկային օրենսգիրքը, եթե անգամ կառավարության անդամներն են բարձրաձայնում մտահոգիչ դրույթների առկայության մասին, Փայլակ Թադևոսյանը պատասխանեց. «Որովհետև մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ միջազգային կազմակերպությունների հետ նախօրոք պայմանավորվածություններ են եղել, որպեսզի ինչ-որ ժամկետում ընդունվեն: Իմ կարծիքով՝ մամուլում այդ հրապարակումները տեղին են, միգուցե այդ պայմանավորվածությունների շրջանակներում է եղել»:

Ինչ վարեբերում է Պետական եկամուտների կոմիտեի անդամների այն պնդումներին, թե առաջին ընթերցումից հետո օրենսգրքի նախագիծն էական լրամշակվել էր և վերջնական տեսքով այն բարենպաստ է բիզնես միջավայրի համար, Փայլակ Թադևոսյանը նշում է, որ նույն հաջողությամբ նախագծի առաջին տարբերակում կարող էին եկամտահարկի շեմը սահմանել 50 տոկոս, հետո իջեցնեին 35 տոկոս ու ասեին՝ տեսեք, բարելավել ենք:

«Բարելավելը պետք է նայել ընդհանուր փաստաթղթի տեսանկյունից: Գործող օրենսդրությանը և նոր օրենսգրքին, որը պետք է ուժի մեջ մտնի, հետևյալ տեսանկյունից է պետք նայել՝ նորն ավելի բարելավված վիճակում է, թե ոչ: Մենք կարծում ենք՝ իհարկե, ոչ: Ո՞նց կարելի է հարկային բեռն ավելացնել, ասել՝ լավացրել ենք, ո՞նց կարելի է շահաբաժինները հարկել, ասել՝ լավացրել ենք: Այդպես չի լինում»,- ասաց մասնագետը:

Փայլակ Թադևոսյանի խոսքով՝ եթե մեծ օրենսգիրք է ընդունվում, բոլորի ակնկալիքն այդ փաստաթղթից պետք է լինի այն, որ այն այսօրվա տնտեսական իրավիճակում լուծումներ առաջարկող փաստաթուղթ լինի: Իսկ Հարկային օրենսգիրքը լուծումներ առաջարկող փաստաթուղթ չէ: Նրա խոսքով՝ որոշ փոփոխություններ, իհարկե, եղել են, բայց խոշոր հաշվով բիզնեսի դժգոհությունները շարունակվում են:

«Բայց մենք ակնկալում ենք, որ ՊԵԿ-ում կատարված կադրային փոփոխությունների շնորհիվ շատ հարցերի նկատմամբ մոտեցումները կփոխվեն, կարծես թե առաջին զարգացումները հուսադրող են», ասաց նա: