Արցախի Տիգրանակերտի տարածքում ծառատունկ է կազմակերպվել

  • Ներքին կյանք - 15 Հոկտեմբերի 2016, 16:05

Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցում հոկտեմբերի 15-ին ծառատունկ է կազմակերպվել  տարբեր երկրներից Արցախ ժամանած երիտասարդների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպություն ՀԿ-ից, նախաձեռնությունը յուրահատուկ նշանակություն ունի, հատկապես ծառատունկի վայրի ընտրության և մասնակիցների առումով: Գրեթե բոլոր մայրցամաքներից Արցախ ժամանած շուրջ 70 երիտասարդներ իրենց անձնական ներդրումն են ունեցել արգելոցի կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներին: Տիգրանակերտում կազմակերպված ծառատունկը սփյուռքահայ երիտասարդների համար յուրահատուկ հնարավորություն էր ծանոթանալու Արցախի Տիգրանակերտի պատմությանը, հնագիտական նշանակությանը, ինչպես նաև նպաստելու արգելոցի հետագա զարգացմանը:

Ինչպես հայտնել են Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից, ծրագիրը իրականացվել է Դեպի Հայք հիմնադրամի և «Armenian Tree Project» կազմակերպության հետ համագործակցությամբ, ընդգծելով, որ նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու նաև հետագայում: