Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն անդամակցել է ԱՄՆ Բարձրագույն կրթության Որակի միջազգային խմբին

  • Ներքին կյանք - 15 Հոկտեմբերի 2016, 13:00
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի  նախագահ Ջուդիթ Իաթըհը (CHEA) անդամակցության հուշագիր են ստորագրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից, անդամակցելով կառույցին` ՈԱԱԿ-ը պարտավորվում է հետևել CIQG  կողմից սահմանված որակի ապահովման 7 սկզբունքներին: Միջազգայնորեն ընդունելի այդ սկզբունքները  մինչ այս էլ եղել են ՈԱԱԿ գործունեության հիմքում: Այն է` հավաստել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող կրթության որակը, համապատասխանությունը հասարակության պահանջներին և ուսանողների կարիքներին, նպաստել կրթության որակի ապահովման միասնական ընկալմանը ոլորտում և այլն:

ՈԱԱԿ-ը նաև պարտավորվում է իր գործունեությամբ նպաստել  որակի ապահովման  չափանիշների առաջխաղացմանը, ինչպես նաև մասնակցել կառույցի շրջանակներում իրականացվող համատեղ միջոցառումներին:

Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խումբը ստեղծվել է 2012-ից: Նպատակն է համատեղ ջանքերով նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովման  չափանիշների ճանաչմանը և առաջխաղացմանը:

Խմբին անդամակցում են կազմակերպություններ 45 երկրներից:

Իսկ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհուրդը ԱՄՆ-ում բարձրագույն կրթության ոլորտում ամենամեծ անդամակցությունն ունեցող կառույցն է:

Այն ներկայացնում է ԱՄՆ կոնգրեսի և Կրթության վարչության, ինչպես նաև հանրության և ուսանողների շահերը կրթության որակի ապահովման ոլորտում:  

Ամենաընթերցվածը