Կյանքից հեռացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 21:42
Հոկտեմբերի 13-ին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Գագիկ Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա հոկտեմբերի 15-ին` ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան), իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը` ժամը 13:00-ին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրից (հասցե` Ծովակալ Իսակովի պողոտա 29): 

Գագիկ Ավետիսյանը ծնվել է 1965 թ-ի մայիսի 14-ին, Երեւանում: 1984-1986 թթ-ին ծառայել է զինված ուժերում, 1991 թ-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1992 թ-ի մայիսից մինչեւ 1993 թ-ի նոյեմբեր աշխատել է Արաբկիրի ՆԳԲ պետի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, այնուհետ նաեւ ՆԳ նախարարի հատուկ հանձնարարություններով օգնական, 1994-1999 թթ-ին եղել է «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի պետ, 1999-2004 թթ-ին` Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ, 2004-2008 թթ-ին` Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ, 2008-2010 թթ-ին` Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ, 2010-2012 թթ-ին` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, 2012-2013 թթ-ին գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում:

ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 15-ի հրամանով` նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, 2014 թ-ի հոկտեմբերի 3-ի հրամանով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:

Գագիկ Ավետիսյանը պարգեւատրվել է ՀՀ Նախագահի 2009 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության եւ այլ պետությունների ՆԳ նախարարությունների գերատեսչական մեդալներով եւ կրծքանշաններով: 

Ամենաընթերցվածը