Կրթություն՝ Հայաստանում և Գերմանիայում միաժամանակ. Միջազգային հավատարմագրման հավաստագիր Ագրարային համալսարանին

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 16:15
Արդեն տասնյոթ տարի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակցում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ: Համատեղ իրականացված ծրագիրը տարիների ընթացքում տվել է իր պտուղները: Համադրելով երկու համալսարանի փորձն ու մեթոդիկան` ծրագիրն ի սկզբանե մեծ հաջողություններ ունեցավ: Տասնյոթամյա գործունեության ընթացքում «Ագրարային մենեջմենթ» ծրագրի շրջանակներում Ագրարային համալսարանի մոտ 65 շրջանավարտ շարունակեց ուսումը Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում, իսկ 104 ուսանող գյուղատնտեսական արտադրական պրակտիկա անցավ Գերմանիայում:

Իրականացվող աշխատանքների ուսումնասիրման և քննարկման բարդ ու տևական գործընթացի արդյունքում Ագրարային համալսարանի «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կուրսն արժանացավ միջազգային հավատարմագրի:

Հոկտեմբերի 14-ին Ագրարային համալսարանում հանդիսավոր արարողությամբ բուհին շնորհվեց հավատարմագրման հավաստագիր, որը բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին հանձնեց Գերմանիայի Վայնհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «Ագրարային մենեջմենթ» միջազգային ցանցի համակարգող դոկտոր պրոֆեսոր Յոհաննես Հոլցները: «Մենք համագործակցել ենք վաթսունից ավել բուհերի հետ, որոնցից հավատարմագրման գործընթացին մասնակցել են 13-ը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակցող բուհերի շարքում լավագույններից է, որը մշտապես նոր մտքեր ու գաղափարներ է ներկայացնում և իրականացնում,-իր խոսքում նշեց Յոհաննես Հոլցները՝ հավելելով,-Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության հաջորդ քայլը պետք է լինի կրկնակի դիպլոմ տալու գործընթացը»:

Կարևորելով միջազգային հավատարմագրումը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը, ով մշտապես Ագրարային համալսարանի կողքին է, բարձր գնահատելով երկու համալսարանների աշխատանքները, նշեց, որ այս հավատարմագրումը թե՛ շրջանավարտների. թե՛ համալսարանի համար աշխարհում ավելի մրցունակ լինելու հիանալի հնարավորություն է:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը, փոխնախագահ Լևոն Սարգսյանը, §Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն¦ հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Վայհենշտեֆանի համալսարանի միազգային համագործակցության համակարգող, Ագրարային համալսարանի շրջանավարտ Արամ Արիստակեսյանը և այլ հյուրեր:

Հանդիպման ժամանակ «Ագրարային մենեջմենթ¦ միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին շնորհվեց ՀԱԱՀ դիպլոմ և Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հավաստագիր: