Վարդենիսցիները փակել էին ճանապարհը

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 14:26
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներն այսօր առավոտյան փակել են Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը՝ դժգոհելով կարտոֆիլի վաճառքի գներից: Խնդիրն այն է, որ այս տարի կարտոֆիլի գները նախորդ տարիների համեմատ էժան են, և գյուղացիները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են խոշոր գնումներ իրականացնողներին:

Մասնավորապես, կարտոֆիլագործները նշում են, որ կարտոֆիլի մթերման գները Պաշտպանության նախարարության կողմից կատարվող գնումների գնի շրջանակներում են ձևավորվում: Իսկ ՊՆ-ն այս տարի ցածր գնով է գնում կարտոֆիլը՝ մեկ կգ համար վճարելով ընդամենը 35-40 դրամ: Դրա հետեւանքով կարտոֆիլի գների անկում է եղել:

Գեղարքունիքի բնակչությունը պահանջում է, որպեսզի ՊՆ-ն կարտոֆիլի մեկ կգ-ն գոնե 50-60 դրամով մթերի, որպեզի շուկայում գների փոքր ինչ բարձրացում լինի, իրենք էլ կարողանան գոնե նվազագույն շահույթ ստանալ: Կարտոֆլիագործները այս հարցում կառավարության միջամտությունն են ակնկալում:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ վարդենիսցիներն արդեն բացել են ճանապարհը: «Կարտոշկի իրացման համար ճանապարհը փակում են, որ ի՞նչ»,- հարցադրում արեց մարզպետը: Նա նշեց, որ շուկան է թելադրում կարտոֆիլի գները, կառավարությունը չի կարող կարգավորել դրանք:

Նշենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք խնդրին, որ կարտոֆիլագործները դժգոհ են այս տարվա գներից: Նրանք բոլորովին վերջերս անգամ ժամանակավորապես դադարեցրել էին կարտոֆիլի մասսայական վաճառքը:

Ամենաընթերցվածը