Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած մեկ երեխա վերակենդանացման բաժնում է

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 11:26
ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրվել է տեղեկություն, որի համաձայն` հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտն վող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

Ներկայումս 27 ուղևոր գտնվում է Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, որոնցից չորսը՝ երեխա: Տուժած մանկահասակ երեխաներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, այս պահի դրությամբ 13 քաղաքացի գտնվում է Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում: Քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով:  Ավտոբուսի 5 ուղևոր այլ տրանսպորտային միջոցով շարունակել է ճանապարհը:   

ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տեղում անհրաժեշտ աշխատանքների համակարգման նպատակով: Ներկայումս քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Դեպքի վայրում է նաև Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ տուժած և զոհված ուղևորների ցուցակներն ու քաղաքացիությունը ճշտվում են:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և դեսպանությանը կից ՀՀ իրավապահ մարմինների լիազոր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության համապատասխան մարմինների հետ՝ անհրաժեշտ աշխատանքների համակարգման և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:  

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:   

Ամենաընթերցվածը