Երևանում տրվել է Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը

  • Ներքին կյանք - 14 Հոկտեմբերի 2016, 10:11
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ողջունելով Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Հայ ժողովուրդն իր ձևավորման առաջին օրվանից կարևորել է մարդկային ռեսուրսն ու կրթությունը: Համալսարանական կրթությունը մեր ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունի երևի վերջին 200 տարում, քանի որ պետականությունը կորցրած, ցեղասպանության ենթարկված ժողովրդի համար ամենամեծ, կայուն կապիտալը կրթությունն է:

Այս մոտեցումը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում Հայաստանը դարձրեց ամենակրթված տարածքներից մեկը: Անկախության առաջին իսկ տարիներից մեզ համար կարևորվեց մասնագիտական կրթության ոլորտում «բաց դռների» քաղաքականությունը: Այդ ժամանակ էր, որ բացվեց Ամերիկյան համալսարանը, այնուհետև Սլավոնական, Ֆրանսիական համալսարանները, և մենք կարողացանք ձևավորել այն կրթական համակարգը, որն ամբողջությամբ համընկնում է եվրոպական չափանիշներին: Այսօր շատ կարևոր պահ է, քանի որ բրիտանական հեղինակավոր համալսարաններից մեկը բավականին լուրջ ծրագրով իր ներկայությունն է ամրագրում Հայաստանում: Սա կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ Հայաստանում կրթության որակի բարձրացման առումով, քանի որ այն ձևաչափը, որը կիրառվելու է Հայաստանում, մեզ համար նորություն է: Հույս ունեմ, որ հաջող փորձից հետո կարող ենք առաջարկներ անել միջազգային հեղինակավոր այլ համալսարանների: Համալսարանական անկախ համակարգի առկայությունը լուրջ ազդակ է երկրի ինքնուրույնության և ինքնիշխանության առումով»:

Իր հերթին Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի նախագահ Յաննիս Վերվերիդիսը, շնորհավորելով ներկաներին, հույս է հայտնել, որ Շեֆֆիլդի համալսարանի մուտքն իր օգտակարությամբ կծառայի Հայաստանի բիզնես կրթության ոլորտի զարգացմանը: Նա ընդգծել է, որ Երևանում սովորողները եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն կստանան: Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան ողջունել են նաև մեր երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրսը և Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նէնսի Էվա Վրաիլան: 

Նշենք, որ համաձայն հուշագրի` Սիթի քոլեջը 2016 ուսումնական տարվանից սկսած՝ ամեն ուսումնական տարվա համար Հայաստանին կրթաթոշակ է տրամադրելու Երևանում իրականացվելիք մասնակի Executive MBA ծրագրի համար: Կրթաթոշակ ստացած անձը Շեֆֆիլդի համալսարանի լիիրավ ուսանող է, ով երկու տարվա ընթացքում մասնակցելու է Երևանում կազմակերպվող դասընթացներին, ինչպես նաև մեկական ուսումնական շաբաթվա դասընթացներ է անցնելու Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանում և Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Միջազգային ֆակուլտետում:

Ծրագրի բոլոր թեկնածուները ստանալու են Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանի Master of Business Administration (MBA) աստիճան: Executive MBA ծրագիրն ունի 6 ուղղություն` MBA ընդհանուր կառավարում, MBA մարքեթինգ, MBA Ֆինանսներ, MBA լոգիստիկա, MBA առողջապահության կառավարում, ΜΒΑ մարդկային ռեսուրսների կառավարում: Թեկնածուները միայն մեկ կրթաթոշակի համար կարող են դիմել:

Բրիտանական Շեֆֆիլդի համալսարանն աշխարհի լավագույն 100 համալսարանների շարքում է: Միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը համալսարանի ակադեմիական ֆակուլտետն է, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Ներկայում համալսարանի Executive MBA ծրագիրն իրականացվում է նաև Սալոնիկում, Բելգրադում, Բուխարեստում, Կիևում և Սոֆիայում: