Կարեն Կարապետյանը սահմանել է ԱԳՆ նոր կարգավիճակը

    • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 18:49
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգ է ներկայացրել մեկ բջջային հեռախոսի հարց: Ըստ դրա, նախատեսվում է ԱԳՆ համար ավելացնել մեկ բջջային հեռախոս, քանի որ մեկ փոխնախարար ավելացել է, իսկ բջջային հեռախոս` ոչ: Խոսքը բնականաբար պետության, այսինքն հարկատուների հաշվին ֆինանսավորվող բջջային հեռախոսի մասին է, որով, ինչպես Հայկական ժամանակ օրաթերթն էր հայտնել, տվյալ փոխնախարարը հարկատուների հաշվին կարող է խոսել 4 հազար 444 րոպե 36 վայրկյան կամ 74 ժամ:

Խոսքը հավանաբար արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի համար բջջային հեռախոսի մասին է: Նա Խոսրով Հարությունյանի որդին է: Մինչ փոխնախարար նշանակվելը, Հարությունյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի երեք ներկայացուցիչներից մեկն էր: Այդ պաշտոնը բավական շահեկան պաշտոն էր` բնակարան Մոսկվայում, մի քանի հազար դոլար աշխատավարձ:

Հետո ԵՏՄ-ն որոշեց, որ հանձնաժողովի անդամները պետք է լինեն ոչ թե երեքը յուրաքանչյուր երկրից, այլ երկուսը: Այդ որոշման պատճառն այն էր, որ անդամ երկրները ավելացան մեկով: Իսկ երբ ԵՏՄ հանձնաժողովի նախագահ դարձավ Տիգրան Սարգսյանը, նա ձգտեց Հայաստանի մյուս ներկայացուցիչ պահել իր «թիմակից» համարվող, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանին, ոչ թե ՀՅԴ-ական Արա Նռանյանին կամ Խոսրով Հարությունյանի որդուն:

Բայց, որդին անգործ չմնաց եւ նշանակվեց ԱԳ փոխնախարար` տնտեսական հարցերի գծով: Այսինքն, Հարությունյանը պետք է ներդրումներ բերի Հայաստան: Իսկ դրա համար, փաստորեն, նրան բջջային հեռախոս է պետք, որի հարցն էլ ԱԳՆ-ն բերել է կառավարություն:

Վարչապետ Կարեն Կարապետյանը դիտողություն է արել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, թե ինչու է այդ հարցն ընդգրկվել օրակարգ` դա նույնիսկ կոմիտեի մակարդակի հարց չէ:

Այլ կերպ ասած, կամա թե ակամա, վարչապետը «բացահայտել» է Հայաստանի ԱԳՆ մակարդակը: Իհարկե, այդ առումով Էդվարդ Նալբանդյանի գլխավորած կառույցը բացահայտված է վաղուց: Ինչ ասես արժե հենց միայն Նալբանդյանի բիզնես կարգի ավիատոմսերի հաշվապահությունը:

Բայց, բջջայինի հարցն իհարկե իր մեջ պարունակում է Հայաստանի ԱԳՆ ամբողջ պերճանքն ու թշվառությունը, ցույց տալով, թե իրականում ինչով է զբաղված Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը լիովին հնարավոր է վերանվանել մանր-մունր գործերի նախարարություն: Դա պետք էր անել կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, ի թիվս այլ նախարարությունների վերանվանման: Թեեւ, հիմա էլ գուցե ուշ չէ:

Խիստ հատկանշական է, երբ մի ամբողջ արտաքին գործերի նախարարություն, որի վրա է դրված Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման բարդ եւ պատասխանատու գործը՝ ներկայիս լրջագույն մարտահրավերների, միաժամանակ նաեւ պատմական հնարավորությունների պայմաններում, փաստացի չի կարողանում իր շրջանակում լուծել մի փոխնախարարի բջջայինի հարց եւ խնդիրը տեղափոխում է հարկատուների ուսերին:

Մի բջջայինն իհարկե մեծ բեռ չէ, եւ թեկուզ ծանր վիճակում գտնվող Հայաստանի հարկատուները կարող են այդ մի բջջայինն էլ շնորհել պետական պաշտոնյաներին: Բայց խնդիրն այն է, որ այդ բջջայինը լիովին բացահայտում է, թե ինչպիսին է արտաքին գործերի նախարարությունը, եւ բեռն այս դեպքում ոչ թե բջջայինն է, այլ մի բջջայինի խնդիր ինքնուրույն լուծել չկարողացող նախարարությունը:

Իսկ դա արդեն ահռելի թիվ է` բիզնես կարգի ավիատոմսերը վկա:

Եվ եթե այդ նախարարությունը ունակ չէ իր ուժով լուծել այդ մեկ բջջայինի հարցը, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս է լուծելու Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, պետական արժանապատվության, միաժամանակ աշխարհում Հայաստանի տեղի ու դերի համար կարեւոր եւ նշանակալից հարցեր:

Թեեւ, ապրիլի պատերազմին դժբախտաբար ցցուն կերպով երեւաց, թե ինչպես: Եվ դա հասկացան բոլորը, արձանագրելով ընդհուպ Սերժ Սարգսյանի մակարդակով, երբ օրերս նշանակելով պաշտպանության նոր նախարար եւ ընդգծելով նրա քաղաքական դերակատարումը, Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում մեծ կարեւորություն է ստանալու ռազմա-քաղաքական դիվանագիտությունը:

Այլ կերպ ասած, մնացել է, որ բանակը զբաղվի թե անվտանգությամբ, թե արտաքին քաղաքականությամբ, որովհետեւ Նալբանդյանի պաշտոնավարման ընթացքը ցույց տվեց, որ հակառակ պարագայում բանակը ստիպված է լինում զբաղվել արտաքին քաղաքականության հետեւանքները վերացնելով, այդ թվում զինծառայողների կյանքի թանկ գնով:

Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ ԱԳ կառույցում քիչ չեն դիվանագետներն ու տարբեր պաշտոնյաները, որոնք իսկապես նվիրված են պետական շահին, իրենց կոչմանն ու կարեւոր առաքելությանը, որոնցից շատերը դա ոչ միայն հարկատուների հաշվին չեն իրականացնում, այլ իրականացնում են գուցե սեփական առողջության հաշվին:

Պարզապես, Նալբանդյանի գործունեության հետեւանքով նրանք հայտնվել են Հայաստանի արտաքին քաղաքական գործառույթի կոնսերվացման մի շրջանակի մեջ, որը կտրված է պետական շահից այնպես, ինչպես օդանավի բիզնես դասը էկոնոմից:

Ամենաընթերցվածը