Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-բրազիլական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 18:25
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է  Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Նովացկիի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն կնպաստի հայ-բրազիլական տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև կապերի խորացումը, փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչին կնպաստի նաև 2016 թվականի օգոստոսին երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար ունի չափազանց կարևոր նշանակություն, և առաջիկայում գործադիրն առաջարկելու է այս բնագավառի զարգացմանը միտված նոր մեխանիզմներ: «Մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև բրազիլական կապիտալի՝ Հայաստան ներհոսքին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Էումար Նովացկին նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմամբ: