Ինչ է սպառնում Հայ ազգային կոնգրեսին

    • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 17:41
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից տարածվել է համառոտ հայտարարություն այն մասին, որ Հայաստանին սպառնում է տնտեսական աղետ` դեֆոլտ: Տեր-Պետրոսյանը թատերական ներկայացում է որակում կառավարման համակարգը եւ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու իշխանության նախաձեռնությունը, հայտարարելով, թե մինչ իշխանությունը զբաղված է դրանով, պետությանը սպառնում է դեֆոլտ:

Հայաստանի արտաքին պարտքն անցել է ՀՆԱ 50 տոկոսից: Տարեվերջին, ըստ ֆինանսների նախարարի, այն կմոտենա մոտ 6 միլիարդ դոլարի: Վերջին երկու տարում, այն բանից հետո, երբ ոչիշխանական բեւեռի` այդ թվում դրա մաս կազմող եւ դրա քաղաքագիտական «հովանավոր» հանդիսացող ՀԱԿ աշխույժ դերակատարմամբ վարչապետի պաշտոնին հայտնվեց Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 10 տոկոսով:

ՀՆԱ կեսից անցնող պետական պարտքն իսկապես վտանգավոր է, հատկապես երբ խիստ վատ են մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական ցուցանիշները: Այդ պարագայում պետության անվճարունակության ռիսկն իսկապես առկա է: Բայց Հայաստանի իշխանությունը հավաստիացնում է, որ Հայաստանի պետական պարտքը կառավարելի է, իսկ միջազգային կառույցներն էլ Հայաստանին ֆինանսական հատկացում անում են պատրաստակամ, քանի որ Հայաստանը ամենաբարեխիղճ եւ պարտաճանաչ վճարող պարտապաններից է:

Այլ կերպ ասած, իշխանությունն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում են տարբեր բաներ: Մինչեւ 2016 թվականի ապրիլ դա զարմանալի չէր: Բայց ապրիլի պատերազմից հետո Տեր-Պետրոսյանն ու իշխանությունը խոսում էին գրեթե նույն լեզվով` Սերժ Սարգսյանի հետ Տեր-Պետրոսյանի հանդիպումից հետո, մի քանի ամիս, այդ թվում հուլիսի դրամատիկ իրադարձությունների օրերին:

Ահա այդ ընթացքից հետո է, որ ներկայում նրանց տարբեր լեզուներով խոսելը դառնում է հետաքրքիր: Եվ այդ ընթացքից հետո է, որ երբ Տեր-Պետրոսյանը իշխանության քայլերը որակում է թատրոն եւ հայտարարում, թե Հայաստանին սպառնում է դեֆոլտ, առաջանում է հարց, թե ի՞նչ է սպառնում Տեր-Պետրոսյանին, որ նա այդպես հիշեցնում է իր մասին: Առավել եւս, որ նրա կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ոչ թե թատերական, այլ պատմական էր որակում Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության հետ ձեռք բերած համաձայնությունը:

Ինչ փոխվեց կամ պատահեց, որ պատմականությունը փոխվեց թատերականության: Արդյոք այդ փոփոխությունը պայմանավորված էր ՏԻՄ ընտրության արդյունքով, որում ՀԱԿ-ը փաստորեն դուրս մնաց Հայաստանի երկրորդ եւ երրորդ խոշոր քաղաքների խորհրդարաններից, ինչը ՀԱԿ-ի համար խիստ տեսանելի դարձրեց նաեւ Հայաստանի խորհրդարանից դուրս մնալու հեռանկարը:

Փաստորեն, դրանից հետո ՀԱԿ-ն սկսեց տեսնել դեֆոլտի հեռանկարը, իսկ իշխանության քայլերն էլ որակել թատրոն: Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանին հիշեցնում է իր մասին, կամ Սարգսյանը «խզել» է ապրիլյան պայմանագիրը, ինչին էլ Տեր-Պետրոսյանը պատասխանում է տնտեսական հեռանկարի վերաբերյալ կոշտ գնահատականով, ակնարկելով Սերժ Սարգսյանին, որ կանցնի կոշտ քայլերի:

Ամենաընթերցվածը