Նաիրիտցիներին ընդունել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 16:33
«Նաիրիտ»-ի վերագործարկման պահանջով հոկտեմբերի 13-ին քիմիական գործարանի աշխատակիցները ցույց էին կազմակերպել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շենքի դիմաց: «Արմենպրես»- ի հետ զրույցում նախարարության արդյունաբերության վարչության պետ Արմեն Եգանյանը նշեց, որ ցույցը բավական մարդաշատ էր: «Նախարարն ընդունել է ցույցի մասնակիցներին եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Նաիրիտի վերագործարկման հետ կապված կոնկրետ ծրագրի դեպքում քննարկել հարցը»,-ասաց նա:

«Նաիրիտ»-ի աշխատակիցների ակտիվությունը նախարարության արդյունաբերության վարչության պետը պայմանավորեց վերջերս Սլովակիայից Հայաստան եկած ներդրողների հայտարարությամբ, ովքեր ցանկություն էին հայտնել ներդրումներ կատարել Նաիրիտում:

«Նաիրիտ»-ը հիմնվել է 1940 թվականին: Անցյալ դարի 80-ականներին գործարանն զբաղեցնում էր քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12 տոկոսը: 2008թ. դեկտեմբերի 1-ին գործարանի աշխատանքը դադարեցվեց` ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մոտ 1500 աշխատողներ ազատվեցին աշխատանքից: «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» միջազգային ընկերությունը 2006 թվականին գնել է «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը «ՀայՌուսգազարդ»- ից: Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:

«Նաիրիտ»-ում որոշակի պարբերականությամբ իրականացվում են աշխատակիցների աշխատավարձերի գծով պարտքերի մարումներ՝ մեկ ամսվա գումարի չափով: