Առողջապահության նախարարը՝ կոռուպցիայի ու իր հարստության մասին

    • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 16:29
«Ես կարող եմ երաշխավորել, որ ներկա ժամանակում ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բացառված են, կոռուպցիա չկա և չի լինելու առաջիկայում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Այնուհետև նա հավելեց. «Ինչ կատարվել է մինչև այդ, ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ մասնագիտական փորձ, որպեսզի զբաղվեմ այդ քննություններով»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ ոլորտում կոռուպցիան միանգամից վերացավ: «Ամեն դեպքում գումարների բաշխումը դադարեցվել է և կատարվում է ըստ օրենքի: Պետպատվերով գումարների մասին է խոսքը»,- ասաց նախարարը:

Երբ լրագրողները պնդեցին, որ միայն այդ գործընթացում չէ կոռուպցիան, այլ դրսևորումներ էլ կան, Ալթունյանը հարցով պատասխանեց.

«Իսկ էլ որտե՞ղ է կոռուպցիան: Մեկ օրինակ բերեք, դուք կոռուպցիա համարում եք բժշկին նվիրատրված կոնյա՞կը, ծաղիկնե՞րը, գումա՞րը: Քաղաքացիները թող չտան: Իսկ եթե բժիշկները պահանջում են, դա այդ հարցով արդեն դատախազությունը պետք է զբաղվի»:

Լրագրողների հարցին, թե իրեն՝ որպես բժիշկ, կոնյակ կամ այլ նվեր արե՞լ են:

«Իհարկե, եղել է, կոնյակ էլ են նվիրել, բայց ծաղիկ չեն նվիրել»,- պատասխանեց Ալթունյանը:

Հարցին, թե իրեն համարում է հարու՞ստ, թե շատ հարուստ նախարար, Լևոն Արթունյանը պատասխանեց՝ բժիշկների համեմատ հարուստ, շատ հարուստների համեմատ՝ աղքատ: Նա նշեց, որ չի կարող ասել, թե կառավարությունում իրենց ով է ավելի հարուստ:

Նա նաև հերքեց, թե Մոսկվայում բնակարան ունի, նշեց, որ ավելի վաղ պարզապես ասել է՝ Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե վաճառի իր բնակարանը, հարուստ կլինի: Բայց դա, ըստ նախարարի, չի նշանակում, թե ինքը բնակարան ունի այնտեղ ու վաճառել է:

Այդ դեպքում ինչի՞ հաշվին է դարձել միլիոնատեր, հարցին նա պատասխանեց. «Խնդրում եմ, կարդացեք իմ դեկլարացիան, դեկլարացիան ձեռքում հարցեր տվեք ինձ»:

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենաընթերցվածը