Հալեպից 21 սիրիահայ կժամանի Հայաստան

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 16:23
Հալեպից հայերի հերթական խումբը հոկտեմբերի 17-ին ժամանում է Հայաստան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նրա խոսքով` նախնական տվյալներով այդ օրը Հայաստան կժամանի 21 սիրիահայ:

«Ինչպես նախորդ սիրիահայերի ժամանման դեպքում, այս անգամ նույնպես մեր աշխատակիցները լինելու են օդանավակայանում: Նրանց կդիմավորենք, կտեղավորենք ժամանակավոր կացարանում, հետո կամաց-կամաց եղած խնդիրներին լուծում կտանք: Սփյուռքի նախարարությունն ամենժամյա աշխատանքի մեջ է: Օդանավակայանում աշխատում են մեր հերթապահ խմբերը»,-ասաց Սերժ Սրապիոնյանը: Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Հալեպից Հայաստան է ժամանել սիրիահայերի 4 հոգանոց խումբ:

Հալեպի ազգային կառույցների տված տեղեկատվության համաձայն այնտեղ բնակվում է 8-10 հազար հայ: Սերժ Սրապիոնյանը տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կապի մեջ է համայնքի հետ: Վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան` կապ հաստատելով Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ:

«Ժիրայր Ռեիսյանի խոսքերը փոխանցում եմ բառացիորեն: Նա ասել է, որ այս պահին հայկական թամաղասերում խաղաղություն է, պայթյուններ, հրաձգություն չկան, իր ընկերների հետ նստած սուրճ է խմում: Ցանկանանք, որ այս իրավիճակը տևական լինի, և մեր հայրենակիցները խնդիրներից զերծ լինեն»,-հավելեց Սերժ Սրապիոնյանը: 

Նա ապատեղեկատվություն է համարում այն հայտարարությունը, թե 600 սիրիահայ ցանկանում են դուրս գալ Հալեպից, սակայն միջոցներ չունեն: 

«Այդ հայտարարությունից հետո մենք դիմել ենք «Հալեպ» հայրենակցական միությանը, որպեսզի մեզ տրամադրեն կոնկրետ անուններ, սակայն արդեն յոթ օր է մեզ ցուցակ չեն տալիս: Եթե նման մարդիկ կան, ապա ինչո՞ւ են թաքցնում: Իրականում փաստ չկա, որ 600 հոգանոց սիրիահայերի ցուցակ գոյություն ունի»,-ասաց Սերժ Սրապիոնյանը: Նրա խոսքով՝ Հալեպում ազգային մարմինները, հյուպատոսությունը բավական համակարգված են աշխատում: Եթե լինում են հայեր, ովքեր ցանկանում են դուրս գալ և չունեն միջոցներ, դիմում են ազգային մարմիններին, տեղափոխումը կազմակերպվում է : Նրա փոխանցմամբ՝ տեղափոխումն իրականացվում է թե պետական, թե բարեգործական կազմակերպությունների հաշվին:  

«Աժիոտաժ է ստեղծվել, թե ամբողջ հալեպահայությունը ցանկանում է դուրս գալ և ճար ու հնար չունի: Դա իրականությունից շատ է հեռու է: Նախ զանգվածային հոսք չկա, երկրորդը` չկա որևէ մեկը, որ դիմի Սիրիայից Հայաստան գալու համար և չստանա համապատասխան օգնություն: Նրանք, ովքեր իրենց գրպանից վճարում են, չեն էլ դիմում, իսկ նրանք, ովքեր չունեն, դիմում են և օգնություն են ստանում, կարողանում ենք հայթայթել և՛ տոմսերը, և՛ միջոցները, որ բերենք»,-հավելեց Սերժ Սրապիոնյանը: 

Ամենաընթերցվածը