Նախորդ վարչապետները չգիտեի՞ն, թե՞ չէին ցանկանում

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 16:22
Ազգաբնակչությունը անցած քառորդ դարում չի ունեցել ոչ միայն տնտեսության զարգացում, ապագային միտված իրատեսական ծրագրեր և գործնական հաջողություն, այլև հավատ իշխանությունների նկատմամբ:

Արդյունքում տարեց-տարի ավելացել է և կուտակվել է մեր պետության արտաքին պարտքը՝ վերջին տարում այն եռապատկվել է:

Անլրջությունը հասել է այն մակարդակի, որ այսօր ԱԳ-ի նախարարության համար մեկ բջջային հեռախոս գնելու հարցը բերում են կառավարության օրակարգ: Եվ այսպես արվել է տարիներ շարունակ, իբր ցանկացած մանրուք կարևորվում է: Իսկ աշխարհով մեկ բիզնես դասով թռիչքների ավիատոմսերի համար կատարված վճարումները մնում են ստվերում: Տարիներ շարունակ շահագործման համար ոչ պիտանի ավտոմեքենաների պարկ են պահել, բենզին և պահեստամասեր են դուրս գրել, վարորդներին աշխատավարձ են տվել, գուցե նաև արագաչափերի և կարմիր գծերի խախտումների համար սահմանված կարգով տույժ ու տուգանք են վճարել:

Եվ այսօր անցյալի գործունեությունը ձախողած վարչապետները և կառավարության անդամները փոխանակ հայցեն ազգաբնակչության ներողամտությունը և բարձրաձայն ներողություն խնդրեն, որ տարիներ շարունակ պետությունը տարել են վայրէջքի ճանապարհով, դեռ մի բան էլ նեղված կեցվածք են ընդունել ու փորձում են պաշտոնանկության վիշտը սփոփել Դուբայում, Դյուսսելդորֆում կամ Մոնակոյում:

Պարոնա՛յք, ըմբռնումով մոտեցեք ձեր պաշտոնանկությանը, և շնորհակալություն հայտնեք, որ դեռ հնարավորություն ունեք ուրախ և զվարթ ֆռֆռալու օտար ափերում:

Հիշե՛ք, որ ձեր անցյալի անգործունեության, կամ ավելի ստույգ ստվերային գործողությունների արդյունքում պետությանը և ազգաբնակչությանը հասցրել եք ոչ միայն նյութական, ֆինանսական, սոցիալական լուրջ վնասներ, այլ պարզապես մարդկանց միջից հանել եք հավատը, որ կարող է իշխանությունում գտնվողը ժողովրդի մասին մտածել:

Փորձե՛ք ձեր պաշտոնանկ կարգավիճակում դառնալ բարեգործներ ծերանոցներում, գիշերօթիկ դպրոցներում: Բարեգործություն արե՛ք, քավարան անցե՛ք և մեղքերի թողություն խնդրե՛ք Աստծուց:

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Ամենաընթերցվածը