Կարեն Կարապետյանն ու Արծվիկ Մինասյանը կրկին բանավիճեցին

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 14:54
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հարկային արտոնություններ ստացող կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու համար արդեն կառավարության որոշման նախագծեր է մշակել, որոնք ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտե և ֆինանսների նախարարություն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում վարչապետի հանձնարարականին ի պատասխան ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքվեց՝ դրա համար կառավարության որոշում պե՞տք է:

Էմիլ Տարասյանն ասաց, որ երկու տարբերակ են առաջարկել, որոնցից մեկով լիազորությունները պետք է կենտրոնացնել մեկ գերատեսչության ներքո, իսկ երկրորդով՝ հայտերը պետք է ներկայացվեն կառավարության միջոցով:

«Ես չգիտեմ, թող իրավաբանները հուշեն, բայց ինձ թվում է, որ ամեն ինչի համար կառավարության որոշում պետք չէ: Կա մեկ ատյան, գերատեսչություն, որը զբաղվում է հարկերից հետաձգելու հարցով, կա մեկ այլ ատյան, որն այդ հարկերի հսկողությունն է ապահովում: Երկու ատյանը պայմանավորվում են, որ այդ ինֆորմացիայով փոխանակվեն: Դրա համար կառավարության որոշում պե՞տք է»,- հարցրեց վարչապետը:

Միջամտեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ հարկերից ազատելը օրենքով է ամրագրված և ԵՏՄ համաձայնագրերի շրջանակներում է: Այսինքն՝ օրենքով պետք է այդ փոփոխությունը լինի, ոչ թե կառավարության որոշումով:

«Պարոն Մինասյան, մենք դրա մասին չենք խոսում: Մենք խոսում ենք նրա մասին, որ արդեն ազատեցինք, հարկի վճարման արտոնությունը տվեցինք, հետաձգեցինք, ո՞նց ենք հսկում, ում որ արտոնություն տվել ենք, պարտավորությունը կատարում է, թե չէ, հետաձգված հարկը վճարում է, թե չէ»,- Արծվիկ Մինասյանին ընդհատեց վարչապետը:

Ի պատասխան Մինասյանն ասաց, որ նման որոշումից հետո կնքվում է պայմանագիր, որով տնտեսվարող սուբյեկտը պարբերաբար տեղեկատվություն տալիս է նախարարությանը: