Ինչ փուլում է մատչելի բնակարանի ծրագիրը

    • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 14:29
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը կառավարությունում քննարկումների փուլում է, ծրագրի մասով ձգձգումներ չկան, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

“Քննարկվում են բոլոր ծրագրերը: Կարծում եմ, դուք լավ հասկանում եք, որ ցանկացած ծրագիր ենթադրում է համապատասխան միջոցներ, ռեսուրսներ, և նաև դրա շրջանակներում դիտարկելով ամբողջության մեջ, մասնավորապես, 2017 թվականի բյուջեի նախագծի հետ կապված այդ քննարկումները դեռևս շարունակվում են”,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում ծրագրի վերաբերյալ բազմաթից մոտեցումներ են հնչել, խնդիրներ են եղել, որոնք քննարկումների փուլ են անցել, և այդ ակտիվ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Հարցին, թե նոր կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս ծրագրի նկատմամբ, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այդ դիրքորոշումը կհայտնվի կառավարության  կողմից կայացվելիք համապատասխան որոշմամբ:

Հիշեցնենք, որ Արտեմ Ասատրյանի հեղինակած այս ծրագրի առանցքային կետերից մեկն այն է, որ ամուսնացածներին, առանց տարիքային սահմանափակման, միջին եկամուտ ներկայացնելու դեպքում, հիպոթեքային վարկ պետք է տրամադրվի՝ մարզերում և Երևանում բնակարան գնելու համար: Իսկ նման ծրագիր մշակելու անհրաժեշտությունը բխել է Հայաստանի ժողովրդագրական խնդիրների առկայությունից: Ընդ որում, այստեղ ՀՀ քաղաքացիների համար նորույթ ու կարևոր պայման է այն, որ հիպոթեքային վարկը տրամադրվելու է առանց կանխավճարի:

Տեղեկություններ կան, որ ծրագիրը կառավարությունում քննարկվելուց հետո աննշան խմբագրման է ենթարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և նորից ներկայացվել է կառավարություն, որտեղ սպասում են դրա վերաբերյալ որոշման կայացմանը:

Ամենաընթերցվածը