Կառավարությունը կվերանայի Հարկային օրենսգիրքը

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 14:22
Կառավարությունը նորից կվերանայի Հարկային օրենսգիրքը, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նա չժխտեց, որ Հարկային նոր օրենսգիրքն ունի մտահոգիչ դրույթներ:

Հիշեցնենք, որ գործարարները ահազանգում են, որ 2018 թվականից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգիրքը վնաս կհասցնի բիզնեսին: «Մեզ շատ մտահոգություններ են հասել, աշխատում ենք: Եվ հիմա մեր նախարարությունն անում է Հարկային օրենսգրքի վերլուծություններ, թե որ ուղղություններն են, որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ առաջացնել»,- ասաց Էմիլ Տարասյանը:

Նա նշեց, որ մինչև ուժի մեջ մտնելն ամբողջ օրենսգիրքը կվերանայվի, ամենաթույլ կետերը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա, կվերանայվեն:

Հարցին, թե օրենսգիրքը նորից փոփոխությա՞ն պետք է ենթարկվի, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև նախաձեռնողն ու  հիմնական ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է, մեր նախարարության կողմից՝ ելնելով նրանից, թե որոնք կլինեն կառավարության ծրագրի առաջանահերթությունները, մենք կվերանայենք: Եթե Հարկային օրենսգիրքը կլինի համահունչ կառավարության նոր ծրագրին, ապա կթողնվի, եթե որոշակի փոփոխությունների կարիք կլինի, նոր նախաձեռնությամբ հանդես կգանք»:

Հարցին, թե հատկապես իր համար ո՞րն է մտահոգիչ դրույթ այդ օրենսգրքում, Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից կա ահազանգ, որ բարձր վարձրատրվող կադրերի համար եկամտահարկի նոր շեմը կարող է հանգեցնել նրան, որ մասնագետները կարող են թողնել ու երկրից հեռանալ:

«Այդ մտավախություններն այս պահին քննարկվում են, պետք է հաշվառենք, թե քանի սուբյեկտի մասին է խոսքը: Եթե դա իրոք ծավալուն խնդիր է, միգուցե փոփոխության հարց կլինի»,- ասաց փոխնախարարը:

Ամենաընթերցվածը