Հայաստանի ՔԿՀ-ներում 9 ամսում հայտնաբերվել է 1719 լիտր խմիչք

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 14:03
Հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայությունում ստացվել է 387 զանգ: 286 զանգ կրել է տեղեկատվական բնույթ, իսկ 101-ով կատարվել են ուսումնասիրություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի ծառայությունը:

2016 թվականի ինն ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներ կատարվել է 22 ստուգայց: Հայտնաբերված թերությունների վերացման, հետագայում նմանատիպ բացթողումները բացառելու նպատակով քրեակատարողական հիմնարկների պետերին տրվել են շուրջ երկու տասնյակ ցուցումներ և հանձնարարականներ:

Քրեակատարողական ծառայության կողմից 2016 թվականի ինն ամիսների ընթացքում անց են կացվել 160 ծառայողական քննություններ, որից 28-ը՝ քրեակատարողական ծառայության ներքին անվտանգության բաժնի կողմից, 132-ը՝ քրեակատարողական հիմնարկների:

Անցկացված ծառայողական քննությունների արդյունքում 57 քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 30-ի նկատմամբ` «խիստ նկատողություն», «պաշտոնի իջեցում» կիրառվել է 1 քրեակատարողական ծառայողի նկատմամբ, 4 քրեակատարողական ծառայողների նկատմամբ էլ` «ծառայությունից ազատում» կարգապահական տույժերը:

2016թ. ինն ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 1719,06 լիտր ոգելից խմիչք (2015թ. 1303,855լ.), 299,37989 գրամ թմրանյութ (2015թ. 170,62603գր.), 4688 հատ խաղաթուղթ (2015թ. 832) և 1650 բջջային հեռախոսներ (2015թ. 1749):