Կտրուկ կրճատումներ. «Վերացնում ենք ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը»

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 13:49

Կառավարությունը հաստատեց «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու նախագիծը: Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը նշեց, որ նախագծով մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ են արվում, որոնց ընդհանուր գաղափարն աշխատակազմի և Քաղաքաշինության պետական տեսչության ստորաբաժանումների միավորումն է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք  վերակազմավորման ընթացքում կրճատումներ իրականացվում են: Պատասխանելով, Սարգսյանը նշեց. «Անպայման, պարոն վարչապետ: Խոշորացման, օպտիմալացման արդյունքում գոյություն ունեցող ստորաբաժանումները կրճատվում են»:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ փոխելու իրենց կառավարման կառուցվածքը:

«Երկրորդ, օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Գնում ենք ՊՈԱԿ-ների՝ բալաստից ազատման, այն գործառույթները, որոնք անհասկանալի են, վերջնական վարչարարությունը չի կատարվում՝ հրաժարվում ենք: Ելնելով դրանից, քանի որ դուք վերակազմավորվում եք, հինգ օրվա ընթացքում զեկուցեք կրճատման մասին, որպեսզի միանգամից օպտիմալ համակարգին դուրս գանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ գործադիրը պարզեցնում է կառավարումը և կրճատում, ՊՈԱԿ-ներից, ավելորդ կառույցներից ու ԾԻԳ-երից հրաժարվում:

«ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք, կամ հրաժարվում ենք դրանցից… այդ ողջ ատրիբուտիկան, ամեն ինչը մաքրում ենք, մեզ պետք է ծախսերի կտրուկ նվազեցում», ասաց վարչապետը: