Կարեն Կարապետյանն անցավ դպրոցներին

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 12:07
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ մի շարք հանձնարարություններ տվեց:

Կրթության և գիտության նախարարին, մարզպետներին ու Երևանի քաղաքապետին հանձնարարեց 7-օրյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների ուղղությամբ:

«Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք՝ մայր և աղջիկ նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, բայց պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ԿԳ նախարարին հանձնարարեց գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակներում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացում՝ մշակելով տվյալ դպրոցի հետ ուսուցողական ծրագրի մեխանիզմները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվեց, որ հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի:

«Հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնավորության վերաբերյալ: Երկրորդ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից»,- հանձնարարեց վարչապետը:

Նա նաև հանձնարարեց վերլուծել կենսաթոշակ ու նպաստ նշանակելու գործընթացները, առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպությունների մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից գումարներ հատկացնելու ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով պետք է ներկայացվեն միջոցառումների ծրագիր ու ֆինանսական հաշավարկներ:

«Մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը ամենօրյա կյանքում մենք պետք է զգանք: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե պետք է նույնիսկ ազգային ու հանրապետական ծրագիր՝ պետք է հաստատենք, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճը»,- նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարներին առաջարկեց թափանցիկ ու բաց աշխատել մամուլի հետ, հասարակությանը պարբերաբար ներկայացնել տեղեկություններ կառավարության աշխատանքի մասին:

«Պետք է մարդիկ հասկանան, թե ինչ ենք անում, ինչու ենք անում և ուր ենք գնում»,- ընդգծեց վարչապետը: