Հայկական ազգային ինքնությունն ու ՌԴ քաղաքականությունը

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 10:52
Անցած մի քանի տարիներին հայաստանյան հասարակությունը ծայրահեղ ռուսամետ դիրքորոշումից անցում է կատարել դեպի ՌԴ-ի հանդեպ կտրուկ անվստահության: Թեև հայաստանյան հասարակությունում բազմիցս քննարկվել է Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքի հետևանքով Ռուսաստանի հեղինակության անկումը ՀՀ-ում, այդուհանդերձ այս գործընթացի մի քանի կարևոր հատկանիշներ անտեսվում են: Մասնավորապես, անտեսվում է հայկական ինքնության որոշակի հատկանիշների ազդեցությունը վերջին տարիներին նկատվող փոփոխության վրա: Մինչդեռ փաստացի ՌԴ քաղաքականությունը անցած 3 տարիներին հարվածել է հայկական ինքնության մի քանի կարևոր բաղադրիչի:

Տղամարդկության մասին

Որքան էլ որ ավանդական տղամարդահեն հասարակությանը դեմ լինենք և քարոզենք կանանց իրավունքների հավասարությունը Հայաստանում, այսօր անհնար է հերքել, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը ապրում է հայրիշխան հասարակական կարգերով: Տղամարդուն ընտանիքի ու հասարակության հենասյուն համարող ժողովրդի համար բացարձակապես անընդունելի է կնոջ զգեստ հագած հայ տղամարդը:

Հերթական անգամ պիտի հիշենք վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքը, ով 2013թ. հուլիսի 13-ին «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:  Հարությունյանին, ով վթարից հետո հիվանդանոցում էր՝ վնասվածքներով և ծանր վիճակում, պատահարից մի քանի ժամ անց ռուս իրավապաշտպանները սթափեցնող դեղեր էին ներարկել և կանացի խալաթ հագցրած տարել դատարան: Ավելին՝ ռուսական մամուլը, որը գտնվում է Կրեմլի գրեթե բացարձակ վերահսկողության տակ, պարբերաբար շեշտում էր վարորդի ազգությունն ու բացահայտ հակահայկական քարոզչություն տանում վթարին հաջորդած օրերի ընթացքում:

Եթե մի կողմ դնենք այն, որ վնասվածքներով մարդուն կանացի խալաթով դատարան տանելը մարդու իրավունքների (արժանապատվության իրավունքի) կոպիտ խախտում է, ու կենտրոնանք հայ-ռուսական հարաբերությունների վրա այս դեպքի կարևորության վրա, ապա կնկատենք, որ Հրաչյա Հարությունյանի՝ ծաղկավոր խալաթ հագած նկարները դարձան Հայաստանում Ռուսաստանի հանդեպ մասսայական դժգոհության ալիքի սկիզբ:

Ընտանիքի մասին

Հաջորդ համահայկական դժգոհության ալիքը բարձրացրեց արդեն Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի ծառայող Վալերի Պերմյակովի դեպքը, որն այս անգամ բախվեց հայկական հայրիշխան հասարակության ևս մի կարևոր արժեքի՝ ընտանիքին: Պերմյակովի դեպքը և ռուսական իշխանությունների արձագանքը դրան ցույց տվեց, որ հայ հասարակությունում ռուսամետ տրամադրությունների պահպանման համար մի ամբողջ ընտանիք (այդ թվում երկու փոքր երեխա սպանող) ՌԴ քաղաքացուն պաշտպանելը ամենալավ քաղաքական որոշումը չէր, որ երբևէ Կրեմլը ընդունել էր:

Հողերի մասին

Ի տարբերություն մի շարք երկրների, որտեղ գոյություն ունի քաղաքացիական ինքնագիտակցություն և ռացիոնալ վերաբերմունք քաղաքական շահերի հանդեպ, հայ հասարակությունը քաղաքական վերաբերմունքի ձևավորման գործընթացում գրեթե միշտ ունի զգացմունքային մոտեցում: Հայաստանի արտաքին քաղաքական դաշնակիցների ընտրության հարցի ընկալումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար հիմնված է ընկեր-թշնամի բաժանման վրա, այլ կերպ ասած՝ մինչ վերջերս հայ-ռուսական հարաբերությունները վերլուծելիս հազվադեպ հայաստանցիներ էին վերլուծում ՀՀ արտաքին շահերը ռացիոնալ տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից: Նախքան 2016 թվականի ապրիլը նմանօրինակ քննարկումները հիմնված էին «Ռուսաստանը միշտ էլ Հայաստանի բարեկամն է եղել» հայտարարության վրա, որը հիմնավորելու համար որևէ փաստացի ապացույցներ բերելու կարիքը ոչ ոք չէր ընդունում:

Հետևաբար հայկական կողմի համար բացարձակ անհասկանալի են ռուս քաղաքական գործիչների կողմից արված «Ադրբեջանին զենքի վաճառքը ընդամենը բիզնես է» ոճի հայտարարությունները: Եվ եթե մինչև 2016 թվականի ապրիլի պատերազմը մարդիկ փորձում էին ամեն կերպ արդարացնել ՌԴ երկկողմանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, ապա ապրիլյան պատերազմը Ադրբեջանի հետ ցույց տվեց, որ նմանօրինակ արդարացումներն անտեղի են:

Ավելին՝ ապրիլյան պատերազմի արդյունքում տարածքային կորուստները անմիջականորեն կապված են հայկական ինքնության ևս մի կետի հետ՝ հողակենտրոնության հետ: Սա հստակ գիտակցում են բոլոր ներքին քաղաքական ուժերը: Հայկական ինքնության կարևոր կետերից մեկը հայրենիքի կորուստն ու պահպանված տարածքների հետ հայկական ինքնության կապումն է: Ապրիլից հետո ռուսական զենքի «բիզնեսն» արդարացնողները Հայաստանում լռել են, քանի որ հողի կորուստներին աջակցել անհնար է՝ առանց հայրենիքի դավաճանի անվանվելու:

Այս ցուցակը կարելի էր շարունակել դեռ երկար, և ավելացնել, օրինակ, Գարեգին Նժդեհի վերաբերյալ Մարիա Զախարովայի հայտարարությունը, սակայն այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ Կրեմլի կողմից կիրառվող քաղաքականությունը 2013թ-ից այս կողմ հարվածել է հայկական ինքնության կարևորագույն կետերից մի քանիսին: Հաշվի առնելով քաղաքացիական ինքնագիտակցության ցածր զարգացած լինելն ու ազգային ինքնագիտակցության գերակայությունը Հայաստանում, նմանօրինակ քայլերը Կրեմլի կողմից ոչնչացնում են վստահությունը Ռուսաստանի հանդեպ ՀՀ-ում:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Ամենաընթերցվածը