Հայաստանի բուհերում ուսումնառություն է սկսել 550 սփյուռքահայ և 420 օտարազգի ուսանող

  • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 10:14

Հայաստանի բարձրակարգ ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 1-ից ուսումնառություն է սկսել 550 սփյուռքահայ և 420 օտարազգի ուսանող: Ինչպես «Արմենպրես »-ին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը, ՀՀ միջին մասնագիտական հաստատություններ դիմել է 70 սփյուռքահայ:  

Վրաստանից Հայաստանի բուհեր դիմել էր 23 դիմորդ, Ռուսաստանից` 170, Իրանից` 190, Հնդկաստանից` 220 և Սիրիայից` 90: Կան ուսանողներ նաև Բրազիլիայից, Իրաքից, Չինաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուրուգվայից, Շվեդիայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Թուրքիայից: Թուրքիայից ժամանած 4 դիմորդներն ազգությամբ հայեր են` ՀՀ քաղաքացիների երեխաներ:

Վարչության պետի հավաստմամբ` նախորդ երկու տարվա համեմատությամբ դիմորդների քանակը էապես չի աճել կամ նվազել: «Մենք հակված ենք ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել քարոզչական աշխատանքների ուղղությամբ` համագործակցելով միջնորդ կազմակերպությունների հետ, ինչն էլ կնպաստի Հայաստանի բուհերի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»,-ընդգծեց Արթուր Ղազարյանը:

ԱՊՀ երկրներից Հայաստանում իրենց կրթությունը շարունակողներից շատերը հաճախ հաստատվում են Հայաստանում և շարունակում իրենց գործունեությունը: