Խաբեբա դատախազը Վանաձորում

    • Ներքին կյանք - 13 Հոկտեմբերի 2016, 09:15
Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետոբաց է մնում հարցը, թե ով թույլ չի տվել ընդդիմությանը բաց քվեարկել: Դա սկզբունքային հարց էր. բաց քվեարկության դեպքում ավագանու անդամները չէին կարող քվեարկել այնպես, ինչպես քվեարկեցին:

Ո՞վ է արգելել ավագանուն բաց քվեարկել: Ուղիղ եթերում կարելի էր տեսնել, թե ինչպես է քվեարկության վայր գալիս ոմն դատախազ, ով քրեական հետապնդումով է սպառնում նրանց, ովքեր բաց կքվեարկեն: Դրանից հետո բոլորը, այդ թվում ընդդիմությունը, համաձայնվեցին փակ քվեարկել:

Հավանաբար, այս դրվագի վրա հետո երկար ծիծաղել են դրա բեմադրիչները: Ո՞վ էր այդ դատախազը: Ինչ-որ թատրոնի դերասա՞ն: Պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցմանը Գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ Լոռու մարզում Ասրյան ազգանունով դատախազ չկա: Այսինքն, ինչ-որ մեկը եկել է «հանցանքի վայր» եւ սպառնացել, որ եթե բաց քվեարկեն, դատի կտան:

Փակ քվեարկությունն իրավունք է, այլ ոչ թե պահանջ: Մարդկանց բաց քվեարկությունն արգելել կարող էր միայն քաղտեխնոլոգը, ով գիտի, որ ոչ բոլորն են ցանկանում բաց քվեարկել:

Այսպես թե այպես, ընդդիմությունը պետք է գտնի այն «դատախազին», ով գլխավոր սահմանադրական իրավունքի՝ ձայն իրավունքի իրացման համար վախեցրել է հետապնդմամբ: Հնարավոր է, «դատախազ» Ասրյանը բացատրի, թե ով է իրեն հրահանգ տվել: