Նյու Յորքի համաժողովում ներկայացվել են ՏՏ ոլորտի ներդրումային հնարավորությունները

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 17:43
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակում տեղեկատվական և առաջատար տեխնոլոգիաներին առնչվող թեմատիկ նիստի ընթացքում հավանական ներդրողներին են ներկայացվել Հայաստանի ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտների վերջին տարիների զարգացումները, կրթական ենթակառուցվածքի պատկերը, մատչելի և բարձր որակավորում ունեցող աշխատուժի, հայաստանյան շուկայում անդրազգային կորպորացիաների ներկայության, արտահանման ներուժի ու աշխարհագրության մասին տվյալները, կառավարության կողմից տնտեսության գերակայություն հայտարարված ոլորտին աջակցության պետական ծրագրերը: Համաժողովը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ մեր երկրում ներդրումները խթանելու նպատակով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հանդես է եկել ընդարձակ զեկույցով: «Հայաստանը պահպանել է տեխնոլոգիաների զարգացման իր ահռելի ներուժը նույնիսկ ԽՍՀՄ-ից հետո և դիտարկվում է որպես ծրագրային ապահովման զարգացման, էլեկտրոնիկայի, արդյունաբերական հաշվողական տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների արտադրության կենտրոն: Երկիրը, իր մրցունակ աշխատուժի շնորհիվ, շարունակում է լինել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն: Արդեն լայնորեն ընդունված փաստ է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց ներդրումը տարբեր արտադրություններում վերջին տասնամյակում երկրի տնտեսական աճի հիմնական գործոնն են: Ոլորտի ընդհանուր եկամուտը 2015 թ. հասել է 559,1 միլիոն ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 17 տոկոսով»,- նշված է ոլորտի վերաբերյալ հիմնական զեկույցում:

Լիագումար նիստի բանախոս, «Նեշնլ ինսթրումենթս» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Սալաթյանը նշել է. «Հայաստանը մի վայր է, որտեղ դուք կարող եք գտնել ձեր տեխնոլոգիական խնդրի լուծումը, մի միջավայր, որտեղ հասանելի են բարձր որակ ունեցող մասնակիցներ ճարտարագիտության մի շարք ոլորտներում»։

Ոլորտին առնչվող լիագումար նիստի մասնակից գործարարներին նաև ներկայացվել են կառավարության կողմից նորաստեղծ (start up), ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին տրամադրվող աջակցող կառույցներն ու գործիքները: Հատուկ ուշադրություն է հրավիրվել տեղական մակարդակում զարգացած և արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած նորարարական արդյունքների վրա:

«Նեշընըլ Ինսթրումենթս» և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները ներկայացրել են Հայաստանում ներդրումների և գործարարության իրենց հաջողված փորձը: