Նյու Յորքի համաժողովում ներկայացվել է գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտը

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 17:37
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտի թեմատիկ լիագումար նիստի ընթացքում հավանական ներդրողներին է ներկայացվել տեղեկատվություն, քննարկվել են կառավարության ռազմավարությունն ու ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրական հզորությունները, ներկայացվել ոլորտի ներդրումային հնարավորությունները՝ մասնավորապես ջերմատնային տնտեսությունները, ինտենսիվ այգիները, գինեգործությունը և օրգանական գյուղատնտեսությունը։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ մեր երկրում ներդրումները խթանելու նպատակով: Հայաստանի Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը հանդես է եկել ընդարձակ ելույթով:

«Մեղմ հարկային քաղաքականությունը, մուտքը դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա և բնակլիմայական բարենպաստ պայմանները, օրգանական ու ավելացված արժեքի զարգացման մեծ ներուժը Հայաստանի գյուղատնտեսությունը օտարերկրյա ներդրողների համար դարձնում են շատ գրավիչ»,- նշված է գյուղատնտեսության ոլորտը ներկայացնող հիմնական զեկույցում, որտեղ շեշտված է նաև Հայաստանի ռազմավարական դիրքը, որ միացնում է Եվրոպան, Ասիան, ԱՊՀ երկրները և Մերձավոր Արևելքը, ինչպես նաև՝ շարունակաբար բարելավվող ներդրումային միջավայրը, մարդկային կապիտալը, օտարերկրյա շուկաներին սփյուռքի միջոցով հասանելիությունը։

Լիագումար նիստին մասնակցող միջազգային կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները նույնպես շեշտել են ոլորտի ներդրումային մեծ ներուժը։ Ներկայացնելով Հայաստանում ներդրումների հաջող փորձը, «Կոկա Կոլա Հելլենիք Բոթլինգ Քոմփընի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայորա Այուպովան նշել է. «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփընի Արմենիայի» քսանամյա հաջողության պատմությունը բիզնեսի կայուն աճի իրական վկայությունն է։ Մեր գործունեության առանցքային հիմքը եղել է մարդկային կապիտալի մեջ ներդրումը, թափանցիկ կերպով բիզնեսի վարումն ու համայնքային զարգացման ծրագրերի միջոցով մեր ստացածից ինչ-որ բան վերադարձնելը։ Սա իր հերթին, Հայաստանում սննդի ու խմիչքների շուկայի զարգացման համար ստեղծում է մրցակցային գործարար միջավայր»։