ՏՏ ոլորտը քայլեր կմշակի հարկային ոլորտում փոփոխությունների դեմ

    • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2016, 15:41
Չնայած կառավարության հավստիացումներին, թե Հարկային նոր օրենսգիրքն էապես լրամշակվել է, այն շարունակում է մտահոգել գործարարներին:

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգիրքը: Եվ թեև առաջին ընթերցմամբ հաստատելուց հետո այն փոփոխությունների էր ենթարկվել, սակայն բիզնես ոլորտի ներկայացուցիչներին դրանք չեն գոհացնում: Նախկինում բարձրացրած հարցերի մի մասն այսօր էլ արդիական են:

Գործարարները ավելի վաղ հատկապես մտահոգիչ էին համարում Հարկային օրենսգրքի նախագծի հետևյալ կետերը՝ եկամտային հարկի փաստացի բեռի ավելացումը, շրջանառության հարկի շեմի փոփոխությունը, շահաբաժինների հարկման հարցը, ամորտիզացիայի ժամկետի երկարացումը, հարկային կանխատեսելի դաշտի բացակայությունը: Այսօր էլ այդ խնդիրներն առկա են: Եթե նախագծի առաջին տարբերակով նախատեսվում էր շրջանառության հարկի շեմը սահմանել 40 մլն դրամը, ապա արդեն ընդունված օրենսգրքով այն 58.35 մլն դրամ է՝ այսօրվա գործող 115 մլն-ի փոխարեն: Կառավարության անդամները հիմնավորում են, որ շրջանառության հարկի շեմի բարձրացումը չի տվել սպասված արդյունքը, շեմը նորից պետք է իջեցնել:

Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը նշում է, որ նույն խնդիրներն այսօր էլ մնում են, բարձր վարձատրվող ու օրենքի դաշտում աշխատողների եկամտահարկի շեմը բարձրանում է:

«Մենք նաև վարչապետին ենք ասել, որ մեր ոլորտի համար դա բացասական ազդեցություն է ունենալու: Նոր վարչապետի հետ հանդիպել ենք այդ հարցով, մենք կասկածում էինք, բայց վարչապետի ասածից հասկացանք, որ այդ օրենսգրքի ընդունումը պայմանավորված է միջազգային կառույցների պահանջներով»,- Lragir.am-ին ասաց Կարեն Վարդանյանը: Նա նշեց, որ մտահոգիչ է նաև շահաբաժինների հարկումը:

ՏՏ ոլորտի մասնագետներն առաջիկայում քննարկում կանեն, և, Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ, միասնական որոշում կկայացնեն, թե ինչ քայլեր են անելու այս փոփոխությունների դեմ:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը թեև ընդհանուր առմամբ դրական է համարում նոր օրենսգիրքը, բայց նշում է, որ օրենսգրքի մտահոգիչ դրույթները հետևյալն են՝ գործարարների շահերը պաշտպանող միությունների մի մասը եկամտային հարկի շեմից են դժգոհ, մյուս մասը՝ հարկային բեռի ավելացումից: «Հարկային բեռի ավելացումը պայմանավորված է ակցիզային հարկի թանկացմամբ, իսկ ակցիզային հարկը պետք է թանկանա, քանի որ Հայաստանում Եվրասիական տնտեսական միության տարածքում ամենացածր դրույքաչափն է, պետք է մոտեցնել ԵՏՄ միջինին: Այդ պատճառով 2018 թվականից սկսած երեք-չորս տարի շարունակ 15-20 տոկոսով պետք է թանկանան ծխախոտի, օղու, գազի ու բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը»,- Lragir.am-ին ասաց Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերին, ապա Հարկային օրենսգրքի ընդունված տարբերակում 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձերի պարագայում: Դա նշանակում է, որ գործող 24.4 տոկոս և 26 տոկոս դրույքաչափերի փոխարեն 23 տոկոս է կիրառվելու 120-150 հազար միջակայքում գտնվող աշխատավարձերի համար:

Երկրորդ դրույքաչափը, որը 28 տոկոս դրույքաչափն է, առաջարկվում է կիրառել 150 հազարից 2 մլն դրամ միջակայքի համար: Իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում առաջարկվում է պահպանել այսօր գործող դրույքաչափը, որը կազմում է 36 տոկոս: Ըստ Մակարյանի՝ սա Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջն էր, որ դրույքաչափերը դիվերսիֆիկացված լինեն: Նրա խոսքով՝ 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողների թիվը Հայաստանում այնքան էլ մեծ չէ, հետևաբար բարձր բեռի տակ ընկնողների թիվը շատ չի լինի:

«Մի քիչ էլ պահանջ կար Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, որ արտաքին պարտքերը մարելու համար պետք է երաշխավորված եկամուտներ ստեղծել տարեկան 200 մլն դոլարով, որպեսզի 15-20 տարում այսօրվա պարտքերի մարում լինի: Բայց եթե մենք ստվերային տնտեսության ու կոռուպցիայի դեմ լուրջ պայքարենք, լուրջ պոտենցիալ ունենք մինչև 1 մլրդ և ավելի դոլար բյուջե մուտքագրելու: Մեր ՀՆԱ-ի 30-50 տոկոսն է ստվերը, որը գումարային կազմում է միջինը 5 մլրդ դոլարի չափ, դրան համարժեք հարկերի մասը մոտ 1 մլրդ է: Հիմա, եթե մենք կարողանանք այդ 1 մլրդ-ի թեկուզ 20 տոկոսը հավաքենք, արդեն ԱՄՀ-ն էլ մեզ չի ստիպի հարկային բեռ ավելացնել:

Այսինքն՝ թեկուզ մի քիչ հարկային բեռը բարձր է, օրենքը կարելի է այսպես ընդունել, բայց եթե մենք սկսենք ստվերի դեմ պայքարել, ինչի մասին նոր կառավարությունն է խոսում, մենք կարող ենք Հարկային օրենսգիրքը նորից վերանայել»,- ասաց Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ անգամ նախքան կիրառության մեջ մտնելը՝ մինչև 2018 թվականը կարելի է վերանայել Հարկային օրենսգիրքն ու բեռը թեթևացնել, որպեսզի այդ 200 մլն դոլարն ապահովվի: Դա, նրա խոսքով, նաև գործարարներին սիրաշահելու հարցը կլուծի, որ ստվերից է բերվում հավելյալ գումարը:

«Հիմիկվանից պետք է սկսվի գործընթացը, որ ստվերի դեմ պայքարի մեխանիզմները հստակ լինեն: Եթե անգամ 50 տոկոսով ստվերը կրճատենք, 1 մլրդ դոլարի փոխարեն հնարավոր կլինի 500 մլն դոլար ունենալ, դա հսկայական գումար է: Երկու տարում կարելի է այդ թվին հասնել»,- հավելեց նա: