Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է եկել սիրիահայ չորս ընտանիք. Հրանուշ Հակոբյան

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 18:04
Սիրիայում եւ հատկապես Հալեպում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` պատասխանելով հարցին` համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը տարածված խոսակցությունները, թե իբր սիրիահայերը դիմել են ՀՀ կառավարությանը Հայաստան տեղափոխվելու խնդրանքով: Նախարարի խոսքով` կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն գալու, բայց նրանք շատ չեն:

«Որեւէ մեկը Սիրիայից չի կարող դուրս գալ առանց մեր հյուպատոսության թույլտվության, հետեւաբար մենք ամեն օր աշխատում ենք հյուպատոսության հետ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է եկել սիրիահայ չորս ընտանիք: Մեր նախարարության աշատակիցները ամեն օր դիմավորում են արեւելքից եկող օդանավերը, եւ մենք Սիրիայում գտնվող մեր կառույցների միջոցով պարզում ենք` կա՞ն Հայաստան գալու ցանկություն ունեցողներ, թե ոչ»,-ճշգրտեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը նշեց նաեւ, որ Սիրիայում իրավիճակն անկանխատեսելի է, և նախարարության խնդիրն է ցանկացած սիրիահայի օգտակար լինել թե Հայաստանում, թե Սիրիայում:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանն էլ«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստան գալու համար պաշտոնական ոչ մի դիմում չի ստացվել: Տարածված խոսակցություններն էլ ոչ ստույգ աղբյուրներից են:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` 600 հայ է դիմել Երևանում գործող «Հալեպ» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ Հայաստան փոխադրվելու համար: Այս տեղեկությունը «Արևելք» պարբերականի հետ զրույցում հայտնել էր կազմակերպության հիմնադիր Անի Բալխյանը: