«Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները բողոքարկել են թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 17:16
«Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները բողոքարկել են թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը: Խոսքը վերաբերում է քաղաքական ուժերի ստացած մանդատներին:

Համաձայն թիվ 34 ԸԸՀ-ի որոշման՝ «ՀՀ ԸՕ 141 հոդվածի 4-րդ մասում սահմանված բանաձևի «Բալասանյան» դաշինքի մանդատների թիվը կազմում է 15, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 «Հայկական վերածնունդը»՝ 5 «ԳԱԼԱ» կուսակցությունը՝ 4 մանդատ: Գյումրու ավագանու տեղերի թիվը 33 է, ինչի պայմաններում 15 մանդատը ավելին է 40 տոկոսից  և պակաս մանդատների բացարձակ մեծամասնությունից՝ 17-ից: ՀՀ ԸՕ 141 հոդվածի 5-րդ  կետերի համաձայն, նման դեպքում, տեղերի բացարձակ  մեծամասնությունը տրվելու է «Բալասանյան» դաշինքին, իսկ մնացած 16 մանդատները բաշխվեն մյուս երեք կուսակցությունների ընտրական ցուցակների միջև՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 8  «Հայկական վերածնունդը»՝ 4 եւ «ԳԱԼԱ» կուսակցությունը՝ 4 մանդատ: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ԸՕ 141 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ թիվ 34 ԸԸՀ-ն որոշում է, որ Գյումրու ավագանու անդամներ են ընտրվել՝  «Բալասանյան» դաշինքի թեկնածուների ցուցակից 17 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից 8,   «Հայկական վերածնունդից»՝ 4, «ԳԱԼԱ» կուսակցությունից՝ 4 անդամ»: Այս որոշումն ուժի մեջ էր մտել որոշման հրապարակվելուց հետո՝ հոկտեմբերի 9-ից: Որոշումը կարող էր բողոքարկվել ՀՀ վարչական դատարան, ինչը և արեցին այն կուսակցությունները: Ըստ այդմ, վարչական դատարան որպես հայցվոր ներկայացել էին «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները:

«Պահանջը հետևյալն է՝ անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի հոկտեմբերի 9-ի թիվ 2006 Ա որոշումը և ընտրված ճանաչել ընտրական ցուցակում ընդգրկված  համապատասխան թվով թեկնածուների: Հուսով ենք, որ վարչական դատարանը մեր հայցը կբավարարի և կկասեցնի թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը և կգնանք քաղաքապետի նոր ընտրությունների, իսկ չբավարարելու դեպքում կդիմենք Սահմանադրական դատարան», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց «Հայկական Վերածնունդ» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Համլետ Սարուխանյանը: Վերջինիս խոսքին միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմենուհի Մխիթարյանը:

Արմենուհի Մխոյան

Ամենաընթերցվածը