Հիմնավոր են արդյո՞ք Ամուլսարի հանքի և ցիանիդային հարթակի մասին Լիդիանի պնդումները - ՀԲՃ

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 16:24
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու մտադրություններ ունեցող Lydian Armenia՝ նախկին «Գեոթիմ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը վերջերս «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողին պարզաբանել է, որ ի սկզբանե բացառվում է ցիանիդային հարթակի հատակին տեղադրված մեմբրանի պատռվելու, վնասվելու տարբերակը, իսկ վերջին 20 տարվա մեջ դեռ չի գրանցվել որեւէ դեպք աշխարհում, որ կույտային տարալվացման հարթակը որևէ խնդիր առաջացրած լինի (տես հոդվածը

Նմանատիպ անհիմն պնդումները շատ բնորոշ են այս ընկերության ղեկավարությանը և հիմնականում նախատեսված են ՀՀ կառավարությունում որոշում կայացնողների ու մեր ժողովրդի ոչ իրազեկ հատվածի համար, ովքեր առանց լուրջ վերլուծությունների որպես բացարձակ ճշմարտություն են ընդունում Լիդիանի ցանկացած հիմնավորում։

«Ամուլսար․ եկամտաբեր, թե՞ մահաբեր ցիանիդ» հոդվածում Համահայկական բնապահապնական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է վերջին 20-25 տարվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ցիանիդի հետ անմիջական առնչություն ունեցող բազմաթիվ միջադեպերն ու վթարները։ Իսկ ի պատասխան Արմեն Ստեփանյանի վերոնշյալ պնդումների, ուզում ենք ավելի մանրամասն ներկայացնել ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանիդով կույտային տարալվացման հետևանքով առաջ եկած խնդիրների ընդամենը մեկ օրինակ։ Այն տեղի է ունեցել Կոստա Ռիկայի Միրամար (Miramar) բնակավայրի հարևանությամբ շահագործվող Բելլավիստա (Bellavista) հանքավայրում մոտ 10 տարի առաջ։ Այս օրինակի մասին տեղեկությունները մեզ է փոխանցել Լոս Անջելեսաբնակ գիտնական, բնապահպան-ճարտարագետ, դոկտոր Անահիտ Շիրինյան-Օրլանդոն։

Կանադական Glencairn Gold Corporation (ներկայումս Central Sun Mining) ընկերությունը 2003 թվականին սկսել է այդ բաց հանքի շահագործումը՝ անուշադրության մատնելով վտանգների մասին տեղի բնակիչների և գիտնականների բազմաթիվ պնդումները։ Ի սկզբանե պարզ էր, որ Բելլավիստայի հանքավայրի շահագործումը շատ վտանգավոր է, քանի որ այն գտնվում է լեռնային սեյսմիկ գոտում։ Բարձր խոնավության պատճառով այստեղ հնարավոր էին նաև լանջերի սողանքներ և սահքեր՝ մոտակայքում բնակվող մարդկանց համար աղետալի հետևանքներով՝ կապված ցիանիդի և ծանր մետաղների արտահոսքերի հետ։ Նաև ակնհայտ էր, որ հանքային ջրերի թթվային դրենաժի արդյունքում ծանր մետաղներով անդառնալիորեն աղտոտվելու էին մակերևույթային և ստորերկրյա ջրային հոսքերը։

Բացի այդ ոսկին կորզելու համար կանադական ընկերությունը կիրառում էր ցիանիդով կույտային տարալվացման եղանակը, որն ինչպես գիտեք կիրառվելու է նաև Ամուլսարում։ Ցիանիդը խիստ թունավոր քիմիական միացություն է, որի մեկ թեյի գդալը կարող է մարդու մահվան պատճառ դառնալ։ Եթե տարալվացման հարթակից լինեն ցիանիդային լուծույթների արտահոսքեր, ապա դրանք անպայման կաղտոտեն գրունտային և մակերևույթային ջրերը։

Դեռևս 2005 թվականին էկոլոգիական խմբերն ահազանգեցին, որ Բելլավիստայի ոսկու հանքավայրի հետախուզման և շահագործման հետևանքով աղտոտվել են տարածաշրջանի ջրային պաշարները։ Դա վերջնականապես ապացուցվեց արդեն 2007 թվականին, երբ պարզվեց, որ կույտային տարալվացման հարթակը ճաքեր է տվել երկրաբանական անկայունության և տեղումների հետևանքով առաջացած երկրակեղևի վերին շերտի տեղաշարժի հետևանքով։ Բնականաբար այդ ճեղքվածքներով արտահոսելու էին ցիանիդն ու ծանր մետաղները՝ աղտոտելով Միրամար բնակավայրին հարակից գրունտային ջրերը։ Սակայն կանադական ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի շահագործումը միայն լուրջ վթարից հետո՝ պնդելով, որ իրենք տեղյակ չեն եղել հողի վերին շերտի տեղաշարժի մասին։

Հետագայում էկոլոգիական խմբերը պահանջում էին, որ ընկերությունը փակի հանքավայրը, դուրս հանի ամբողջ տեխնիկան ու վերացնի բոլոր հետևանքները։ Սակայն հետագայում հզոր սողանքն ամբողջովին ոչնչացրեց հանքավայրի բոլոր ենթակառուցվածքները, որից հետո Կոստա Ռիկայի պետական մարմինները պահանջեցին Glencairn Gold Corporation ընկերությունից վերականգնել տարածքն ու պաշտպանել խմելու ջուրն ու այլ ջրային աղբյուրներն աղտոտումից։

Որպեսզի իր անունը կապ չունենա Բելլավիստայի հանքավայրի խնդիրների հետ, կանադական Glencairn Gold Corporation ընկերությունը հետագայում անվանափոխվում է որպես Central Sun Mining, և կենտրոնանում է այլ երկրներում հանքեր շահագործելու վրա։ Իսկ իր գործունեության հետևանքով Կոստա Ռիկայում տեղի ունեցած էկոլոգիական աղետի հետևանքները վերացնելու համար վճարում է ընդամենը 250 000 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ համաձայն Blackburn Group ընկերության փորձագետների գնահատականների, բոլոր վնասները չեզոքացնելու համար անհրաժեշտ կլինի մոտ 10 միլիոն դոլար։

Այս խնդրին առնչվող անգլերեն լեզվով աղբյուրներին կարող եք ծանոթանալ այստեղ․

https://www.earthworksaction.org/voices/detail/bellavista#.V_xpQCTFz5L, https://www.earthworksaction.org/files/publications/FS_bellavista.pdf

ՀԳ Այսպիսի «պատասխանատու» հանքարդյունահանումից և դրա աղետալի հետևանքներից ոչ մի երկիր ապահովագրված չէ՝ անկախ նրանից, թե ովքեր են հանքավայրեր շահագործողներն ու որ երկրներ են նրանք ներկայացնում։ Իսկ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործվելու է չափազանց բարդ երկրաբանական, ձևաբանական, տեկտոնական և ջրաբանական կառուցվածք ունեցող տարածքում՝ հանքարդյունահանման ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող ինչ-որ օֆշորային ընկերության կողմից։

Մեկ անգամ ևս դիմում ենք Հայաստանում պետական մակարդակով որոշումներ կայացնողներին՝ կոչ անելով ուշքի գալ և դադարեցնել այս ծրագրի իրականացումը, քանի որ այն վտանգում է մեր քաղցրահամ ջրերի պաշարներն ու Ջերմուկ առողջարանային քաղաքը՝ այսինքն, մեր երկրի էկոլոգիական և պետական անվտանգությունը։ Միևնույն ժամանակ այս խնդրով մտահոգ բոլոր մարդկանց խնդրում ենք անցնել այս հղումով և միանալ առցանց ստորագրահավաքին։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Լուսանկարները վերցված են www.earthworksaction.org կայքից։

Ամենաընթերցվածը