Սպառնալիք Սեյրան Օհանյանի համար

    • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 14:25
ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմից, որտեղ անցկացրել է մի ամբողջ քառամյակ: Դալլաքյանի այդ ելումուտը հազիվ թե ունենար հանրային մեծ հնչեղություն եւ լիներ ուշադրության արժանի, որպես իրադարձություն, եթե չլիներ մի ինտրիգ: Խոսքը մամուլի այն հրապարակումների մասին է, որ Վիկտոր Դալլաքյանը դուրս գալուց հետո ստեղծելու է կուսակցություն, որին էլ կանդամակցի եւ նույնիսկ կարող է գլխավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Վիկտոր Դալլաքյանի մամուլի ասուլիսի ընթացքում թերեւս ամենասպասվողն այն էր, թե նա ինչ կասի այդ հեռանկարի կապակցությամբ: Նա ասել է, որ Սեյրան Օհանյանը հրապարակային որեւէ հայտարարություն չի արել իր հետագա ծրագրերի մասին, ըստ այդմ ինքն էլ ձեռնպահ կմնա որեւէ մեկնաբանությունից: Միաժամանակ, Դալլաքյանը հայտարարել է, որ Սեյրան Օհանյանն այն պետական եւ ռազմական գործիչն է, որի անդամությունը պատիվ կլինի ցանկացած կուսակցության համար:

Վիկտոր Դալլաքյանը փաստորեն պահում է ինտրիգը, բայց մշուշոտ է այն պահելու իրական շարժառիթը կամ պատճառը: Դալլաքյանը գիտե, որ Սեյրան Օհանյանը չի անդամակցելու, բայց քաղաքական մարքեթինգի տրամաբանությամբ լռում է` որքան հնարավոր է ինտրիգը ձգելու եւ այդպիսով ուշադրության կենտրոնում մնալու համա՞ր, մինչեւ Օհանյանն ինքը կհայտարարի այդպիսի ծրագիր չունենալու մասին, թե ինքն էլ չգիտե` կանդամակցի Օհանյանը, թե ոչ, որովհետեւ այդ հարցը Դալլաքյան-Օհանյան ձեւաչափում չէ, որ որոշվելու է:

Մի բանում Վիկտոր Դալլաքյանն իհարկե իրավացի է` Սեյրան Օհանյանն իսկապես նշանակալի գործունեություն է ծավալել պետական եւ ռազմական գործչի կարգավիճակում:

Բայց, հենց այդ հանգամանքը թերեւս պետք է Սեյրան Օհանյանին զերծ պահի Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցությանն անդամակցելուց: Հատկապես այն լուրջ եւ պատասխանատու քայլի ֆոնին, որ արեց Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնում իր գործունեության ավարտին` հայտարարելով, որ եթե անգամ առաջարկեն, ինքը կհրաժարվի լինել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը դրսեւորեց սկզբունքային կեցվածք, ելնելով Հայաստանի հանդեպ այդ կազմակերպության վերաբերմունքից, որը մեղմ ասած տարիներ շարունակ դեմ է եղել Հայաստանի շահին ու անվտանգությանը, որի հետեւանքով են նաեւ տարիներ շարունակ սպանվել հայ զինծառայողներ:

Այլ կերպ ասած, Սեյրան Օհանյանը իր պետական պաշտոնավարումը ավարտեց բավական բարձր եւ սկզբունքային նոտայով, քաղաքական դաշտում խիստ ցածր նոտայով շարունակելու համար:

Կարեւոր կլինի, եթե Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը լինի քաղաքականության մեջ, բայց միայն նշաձողը բարձրացնելու, քաղաքական գործընթացներին ռազմա-քաղաքական բովանդակային լրջություն հաղորդելու համար, ինչում Սեյրան Օհանյանն ունի լուրջ ներուժ` մինչ այդ չեզոքացնելով գործունեության մի քանի ավելորդ շտրիխ եւ երանգ, որոնք անբարենպաստ ազդեցություն ունեցան Օհանյանի գործունեության համար:

Ամենաընթերցվածը