Վիկտոր Դալլաքյանը Սերժ Սարգսյանի հետ իր զրույցի մասին

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 13:08
ԱԺ նախկին պատգամավոր, արդեն նախկին ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարած Վիկտոր Դալլաքյանը խոսել է 2012 թվականի խորհրդարանի ընտրության, մասնավորապես Վանաձորում մեծամասնական կարգով ընտրության մասին, որտեղ ինքը պարտվել էր անկախ պատգամավոր, ներկայում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին:

Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ 2012 թվականի մայիսին Սերժ Սարգսյանի հրահանգով կատարվել է պետական հանցագործություն, եւ Մարուքյանը 5 տարի անընդմեջ չբնակվելով Հայաստանում, դարձել է պատգամավոր:

Դալլաքյանը ներկայացրել է ընտրությունից հետո Սերժ Սարգսյանի հետ իր զրույցներից մանրամասներ: Նրա խոսքով, 2012 թվականի մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը իրեն հրավիրել է Ստեփանակերտ, որտեղ հանդիպել են Կաթողիկոսը, Բակո Սահակյանը եւ ինքը: Ըստ Դալլաքյանի, Սարգսյանն ասել է՝ թույլ տվեք առանձին խոսելու բան ունենք:

«Ինձ հարց տվեց, թե ինչու այդպես ստացվեց: Ես ասացի, որ եկել եմ պատասխանը ձեզանից ստանամ, որովհետեւ չորս տարի անընդմեջ ես ընտրվել եմ պատգամավոր, որին դեմ են եղել առաջին եւ երկրորդ նախագահները; Ես նրան հարցրել եմ, դուք հրապարակայնորեն իբր ինձ պաշտպանել եք, բայց ես չեմ ընտրվել: Ես նրան ներկայացրել եմ, որ անձնավորությունը, որին նա օգտագործել է իմ դեմ, Հայաստանում 1 տարի 17 օր չի բնակվել, գտնվել է արտերկրում: Նա ասել է, բողոքարկիր: Ես բողոքարկել եմ, եւ Վանաձորի հանձնաժողովը ինձ մերժել է», ասում է Վիկտոր Դալլաքյանը:

Հետո, ըստ նրա, 2012 թվականի մայիսի 11-ին Սերժ Սարգսյանը իրեն հրավիրել է նախագահական նստավայր, հանդիպել են եւ ասել է, որ մի քանի օր առաջ ինքն ընդունել է Էդմոն Մարուքյանին: Այսինքն ինքը հասկացրել է դրանով, որ ամեն ինչ ավարտված, Սերժ Սարգսյանի մասին ասում է Վիկտոր Դալլաքյանը:

Նա հայտարարել է, որ չորս տարիների ընթացքում փաստաբան Վահե Հովակիմյանը բազմիցս դիմել է համապատասխան պետական մարմիններին թիվ 30 ընտրատարածքի պատգամավորի գրանցման օրինականության հետ կապված: Ստել են Տիգրան Մուկուչյանը, Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ նախկին եւ ներկա պետերը, Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահը, որ նա 5 տարի մշտապես բնակվել է Հայաստանում:

«Այս հանցագործությունը կազմակերպվել է Սերժ Սարգսյանի հրահանգով, բուրգին նստած են Հայաստանի ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԿԸՀ-ն, թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը», հայտարարել է Դալլաքյանը:

Նա ասել է, որ գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի:

Լրագրողները բնականաբար հարցրել են, թե ինչպես է այդ ամենից հետո չորս տարի աշխատել նախագահի աշխատակազմում: Դալլաքյանը արձագանքել է. «Ինչու՞ եմ ես համաձայնել: Չորս տարի սպասել եմ, որովհետեւ կա հետեւյալ թեւավոր հայտարարությունը, կամ քարերը հավաքելու եւ նետելու ժամանակը, եկել է նետելու ժամանակը: Այս չորս տարիներին Սերժ Սարգսյանի հետ չեմ հանդիպել, աշխատանքս եղել է խորհրդանշական, եւ առնչվել եմ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ»:

Լրագրողները հարցրել են նաեւ Սերժ Սարգսյանի կազինոյում խաղալու մասին նրա հայտնի հայտարարության մասին: Դալլաքյանը միայն պատասխանել է, թե երբեք չի հրաժարվել ու չի հրաժարվում այդ հայտարարությունից:

Ամենաընթերցվածը