Վիկտոր Դալլաքյանի «սենսացիոն» հայտարարությունը

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 12:30
Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախագահի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս այդ պաշտոնից, նաեւ ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնից: Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է նաեւ, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն եւ մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը: Նա հայտարարել է, որ եթե իրեն կամ իր ընտանիքին իր հայտարարություններից հետո ինչ որ բան պատահի, ապա պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը:

Նա հայտարարել է, թե իր քաղաքական գործունեության ընթացքում կարեւորելու է 6 ռազմավարական նպատակների իրականացումը.

Հայաստանը ժամանակակից, մրցունակ եւ կենսունակ պետություն դարձնելն է,

Հայաստան-Սփյուռք հարաբերությունն այսօրվա գումար կորզելու եւ վատնելու հարթությունից ցանցային հարթություն տեղափոխելն է, եւ այնպիսի քաղաքականություն իրականացնելը, որ հայկական կապիտալը կդառնա հայկական քաղաքականություն,

ԼՂ հիմնախնդրի կարգավորում, որն ինքը դիտարկում է ավելի լայն համատեքստում` հայ-ադրբեջանական հարաբերության ընդհանուր կարգավորման ֆոնի վրա,

Հայաստանի աղետալի ժողովրդագրական վիճակի հաղթահարում,

Հայաստանի ինքնիշխանության լիակատար ամրագրում եւ իրականացում, Հայաստանին պարտադրված աշխարհքաղաքական արհեստական կողմնորոշումների ընտրության առաջ կանգնեցնելը,

Հայաստանի ապաշրջափակում` աբխազական երկաթուղու վերագործարկում, Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկում եւ Հայաստան-Իրան երկաւթուղու կառուցում:

Մինչ այդ ամենը, Դալլաքյանը հայտարարել է, որ 2012 թվականի խորհրդարանի ընտրությանը Վանաձորում տեղի է ունեցել պետական հանցագործություն եւ ինքն ունի այդ մասին վկայող փաստաթղթեր: Հիշեցնենք, որ 2012 թվականին Վիկտոր Դալլաքյանը Վանաձորում մեծամասնական ընտրակարգով պարտվել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Դրանից հետո Դալլաքյանը նշանակվել է նախագահի աշխատակազմում եւ դարձել Սերժ Սարգսյանի պաշտոնական ներկայացուցիչը խորհրդարանում: