Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվը հերքում է, որ հետ է վերցրել բողոքը

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 11:11
Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանը հերքում է, որ իր ծեծի դեպքով հետ է վերցել բողոքը:

«Այդ մասին հոդվածը չի համապատասխանում իրականությանը, ես հետ չեմ վերցրել դիմումս ու չեմ էլ պատրաստվում»,- Lragir.am-ին ասաց նա:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել է, որ իր տեղեկություններով երեկ Վանաձորում ավագանու առաջին նիստի ժամանակ Քրիստ Մարուքյանի դեմ քվեարկած ավագանու 4 անդամն էլ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից են՝ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի գլխավորությամբ։ Ըստ թերթի՝ Փելեշյանի կողմից ծեծի ենթարկված ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվը իշխանության հորդորով հետ է վերցրել իր բողոքը, իսկ իշխանությունը Արկադի Փելեշյանին խոստացել է չկալանավորել, եթե ինքը և այլ երեք հոգի քվեարկեն գործող քաղաքապետի օգտին:

«Եթե նման բան են ասում, նախ պետք է ինձ հետ խոսեն, նոր նման լուր հրապարակեն, ես դիմումս հետ չեմ վերցրել»,- ասաց Ռաֆայել Գրիգորյանը: