ՀՀԿ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 10:55
Վանաձորի քաղաքապետի ընտրությունը ՀՀԿ-ն փորձում էր ներկայացնել որպես նմուշ, որ իրենք ամեն գնով չեն ձգտելու հաղթանակի: Այդ ամենն էլ ներկայացվում էր Սերժ Սարգսյանի հռչակած համակարգային բարեփոխումների ու ՀՀԿ-ին նոր ոգի տալու վերաբերյալ հայտարարությունների համատեքստում:

Այն, ինչ տեղի ունեցավ Վանաձորում, իսկապես համակարգային փոփոխություն էր: ՀՀԿ-ն ոչ միայնակ, ոչ էլ իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ չկարողացավ ապահովել հաղթանակ: Դա թույլ չի տալիս նոր Սահմանադրության համատեքստում ընդունված նոր ընտրակարգը, որի դեմ պայքարում էր ընդդիմությունը, թեեւ այն ավելացրել է ընդդիմության հնարավորությունները եւ նվազեցրել իշխող ուժինը: Վանաձորի ընտրությունը դրա լավագույն ապացույցն էր:

Սակայն համակարգային փոփոխությունն այդքանով չի ավարտվում, եւ առկա է ավելի «լոկալ» համակարգային փոփոխություն ՀՀԿ-ի մասով: Գիտակցելով նոր ընտրակարգի ծուղակը, ՀՀԿ-ն փաստացի անմիջական աշխատանք էր տարել իր մրցակիցների ավագանու թեկնածուների հետ: Չնայած կնքված հուշագրին եւ ընդդիմության թվային առավելությանը, այնուամենայնիվ առավել շատ ձայներ հավաքեց ՀՀԿ թեկնածուն եւ դարձավ քաղաքապետ:

Իհարկե, ՀՀԿ-ն կարող է ասել, որ թող ընդդիմադիրները «չծախվեին», սկզբունքային լինեին եւ այլն: Բացի այդ, կարող են ասել, որ ավագանու անդամներն ազատ են քվեարկել իրենց համոզմունքների ու հավատամքի համաձայն (թե որն է ընդհանրապես հայկական կուսակցությունների հավատամքն ու համոզմունքը՝ այլ հարց է):

Այդ ամենը ճիշտ է, մնացյալն արդեն այլ դաշտում է: Եվ ահա այստեղ ՀՀԿ-ն մտածելու բան ունի՝ ինչու է մնացել միայն մարդկային ցածր բնազդների ու պահվածքի հույսին, եւ ինչ արժեք ու հետեւանք կարող է ունենալ նման բնազդների վրա կառուցված, դրանք խրախուսող «քաղաքականությունը»: Թեեւ, դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ-ին նման բաները հետաքրքրում են:

Փոխարենը, Վանաձորը ՀՀԿ-ի պատասխանն էր Սերժ Սարգսյանի՝ իրեն «նոր ոգի» ներարկելու մտադրությանը: