Պարտավորվում ենք ապահովել պիլոտային օրենսդրական լուծումներ խոշոր ներդրողների համար. Սերժ Սարգսյան

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 10:19
Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին: Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին` լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, հանդես է եկել ելույթով` անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը և մակրոտնտեսական կայուն միջավայրին: Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած նյույորքյան համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ: Լիագումար նիստը վարել է «Կուն» հիմնադրամի հիմնադիր, միջազգային կորպորատիվ ռազմավար, ներդրումային բանկիր և հասարակական հայտնի գործիչ, նեյրոգիտության դոկտոր Ռոբերտ Կունը: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալլոնը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկը:

Սերժ Սարգսյանի ելույթը «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառմանը

Հարգելի՛ պարոն Կուն,

Հարգարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծապես ուրախ եմ ողջունել բոլորիդ այս նշանակալի միջոցառման շրջանակներում, որն անցկացվում է Հայաստանի ու համայն հայության համար խորհրդանշական պահի: Ամփոփելով անկախության 25 տարիները՝ հայ ժողովուրդը այսօր շարունակում է հարթել իր ապագա զարգացման ճանապարհը։ Անցած երկուս ու կես տասնամյակը լի էր ինչպես մարտահրավերներով, այնպես էլ՝ ձեռքբերումներով։ Քառորդդարյա անկախությունից հետո մենք վստահորեն ընթանում ենք առաջ՝ մեր նոր տեսլականը խարսխելով այն ձեռքբերումների վրա, որ արձանագրել ենք մեր աշխատասեր ու շնորհալի ժողովրդի և մեր բարեկամների ու գործընկերների ջանքերի շնորհիվ։

Այս միջոցառման խորագրի ընտրությունը` «Հայաստանը՝ դարպաս դեպի մեծ շուկաներ» պատահական չէ: Հայաստանի դերը, որպես այդպիսին, կանխորոշվել է դեռ վաղ անցյալում, մեր պատմությամբ, աշխարհագրությամբ և ինքնությամբ։ Գտնվելով մայրցամաքների խաչուղիներում` Հայաստանը մշտապես կամրջել է տարբեր քաղաքակրթություններ` հանդիսանալով մշակութային և առևտրային փոխանակումների համար շատ կարևոր կենտրոն։ Ապավինելով իր պատմական դերին ու փորձին՝ մերօրյա Հայաստանը հետամուտ է իր առևտրային, տնտեսական և քաղաքական գործընկերների միջև կամուրջներ կառուցելու ռազմավարությանը։

Ինչպես յուրաքանչյուր երկիր, Հայաստանն էլ ունի իր մրցակցային առավելությունները։ Հատկանշական է, որ մեր տնտեսության մրցակցային առավելություններն ինչ-որ առումով ծնունդ են Հայաստանի սահմանափակ ռեսուրսների ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողությունների։ Լինելով փոքր տնտեսություն` խորհրդային տնտեսվարության ժառանգությամբ, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ, տարիներ ի վեր գտնվելով շրջափակման մեջ որոշ հարևանների կողմից՝ մենք երբեք չդարձանք դժվարությունների գերին: Հակառակը` դրանք օգտագործեցինք զարգացնելու ստեղծագործ միտքն ու հնարամտությունը։ Մարդկային կապիտալը դարձավ մեր բարեկեցության աղբյուրը, արդյունավետությունը՝ շարժիչ ուժը, իսկ հակադրվող շահերի համադրումը՝ մեր կենսակերպը։

Թեև ֆինանսական ճգնաժամերը չշրջանցեցին նաև Հայաստանը, մեր երկրում վերելք ապրեց գիտելիքահենք հասարակությունը, ինչի շնորհիվ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն իր տեղը զբաղեցրեց տեխնոլոգիապես առաջատար երկրների շարքում։ Անկախ ֆինանսական հնարավորություններից, յուրաքանչյուր հայ ընտանիք ձգտում է առավելագույնս ներդնել երեխաների կրթության հարցում։ Եվ օրինաչափ է, որ արդեն երկար տարիներ դպրոցականների համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր երեխաները շահում են շուրջ 20 մրցանակ:

Այսօր Հայաստանը գլխավորում է մաթեմատիկայի միջազգային դպրոցական օլիմպիադայի վարկանիշային աղյուսակը՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մրցանակների քանակով:

Նույն սկզբունքով մենք ունենք նաև շախմատի գրոսմայստերների ամենամեծ թիվը։ Ի դեպ, Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որտեղ շախմատը ներառվել է դպրոցական ծրագրերում՝ նպատակ ունենալով նոր սերնդի մոտ խթանել ռազմավարական մտածելակերպի զարգացումը։

Մեկ այլ հետաքրքիր օրինակ է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը Հայաստանում, որը միջին և բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն է ընձեռում իրենց մտքերը վերածելու տեղեկատվական արտադրանքի։

Մեր նախաձեռնությամբ 2009թ. ստեղծվել և գործում է «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` սովորելու աշխարհի լավագույն բուհերում, ապահովում Հայաստանի և հայության համաքայլ ընթացքը ժամանակի պահանջների հետ:

Բարձր որակավորում ունեցող աշխատուժի և մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը ձեռք է բերել մատչելի նորարարական և ՏՏ լուծումներ առաջարկող երկրի համբավ։ Մենք դառնում ենք հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացման, բարձր հավելյալ արժեք ունեցող, բարդ արտադրատեսակների նախագծման և արտադրության համար ցանկալի վայր։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը խթանելու համար մենք հարկային արտոնություններ ենք տրամադրում սկսնակներին՝ ազատելով նրանց շահութահարկից և կիրառելով ընդամենը 10% եկամտահարկ։ Որպես արդյունք՝ ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրել է միջինը 25% աճ։

ՏՏ ոլորտից բացի Հայաստանը հաջողություններ ունի նաև բժշկական զբոսաշրջության ոլորտում, հատկապես` ատամնաբուժական, որտեղ մատուցվում են որակյալ և անհամեմատ էժան ծառայություններ։

Տարեցտարի զարգացնում ենք որակյալ կրթություն տրամադրելու մեր կարողությունները, որոնք հնարավորություն են տալիս նաև օտարերկրյա ուսանողներին լիարժեք կրթություն ստանալ մեր երկրում։ Լավագույն օրինակներից է Հայաստանում գործող «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի միջազգային դպրոցը։ Այն իր հարկի տակ է միավորում մոտ 60, այդ թվում ամենաառաջատար երկրներից ժամանած ուսանողների:

Անցած 25 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջադարձային բարեփոխումներ, որոնց շնորհիվ Հայաստանը բարելավել է իր վարկանիշային դիրքերը. Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը 189 երկրների շարքում 35-րդն է, բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդը, իսկ սահմանային առևտրի ցուցանիշով՝ 29-րդը: Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաև շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ:

Այսօր մեր աշխարհագրական դիրքը, քաղաքական և տնտեսական պայմանավորվածությունները գործընկեր երկրների հետ Հայաստանին թույլ են տալիս դյուրին մուտք ունենալ ավելի քան 300 միլիոնանոց սպառողական շուկաներ, որտեղ բազմաթիվ հայկական ապրանքներ և ծառայություններ արդեն իսկ իրենց պահանջարկն են ձևավորել: Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք հնարավորություն ունենք առանց մաքսային տուրքերի դուրս գալու ավելի քան 180 միլիոնանոց ԵԱՏՄ սպառողական շուկա: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը, առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների տեղաշարժը և ավանդական բարիդրացիական հարաբերությունները բացում են ևս 80 միլիոնանոց սպառողական շուկայի դռներ: Իսկ պատմականորեն բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ հասանելի են դարձնում սևծովյան նավահանգիստները, ինչպես նաև ապահովում Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ մնացյալ երկրների և Եվրոպական Միության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը:

Շուտով խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, Հայաստանը կդարձնի Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կամրջող ամենակարճ տարանցիկ երթուղին: Այս ամենից բացի, Հայաստանը, կիսելով ԵՄ ընդհանուր արժեքները, նաև օգտվում է Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից:

Հայաստանի տնտեսության մեջ մեծանում է նաև Չինաստանի ներգրավվածությունը՝ նոր տնտեսական հեռանկարներով, այդ թվում` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ծրագրի կյանքի կոչմամբ: Բացի դրանից, մենք պատմականորեն սերտ հարաբերություններ ունենք տարբեր մերձավորարևելյան երկրների հետ, որոնց հետ վերջին մի քանի տարիների ընթացքում առևտրի ծավալները հետևողականորեն աճում են:

Հատուկ ցանկանում եմ ընդգծել աշխարհում հայկական մեծաթիվ սփյուռքի առկայությամբ պայմանավորված մեր առավելությունը: Մեր հայրենակիցների շնորհիվ մենք ոչ միայն ճանաչելի ենք մեզ համար կարևոր շուկաներ հանդիսացող երկրներում, այլև կարողանում ենք առավել արագ ծանոթանալ թիրախային շուկաների ներքին դինամիկային և արդյունավետ կապեր հաստատել այդ երկրների գործարար շրջանակների հետ: Նույն կերպ սփյուռքի շնորհիվ մենք կարողանում ենք Հայաստանի տնտեսական գրավչությունը հասանելի դարձնել օտարերկրյա ներդրողներին: Սփյուռքահայ բազմաթիվ գործարարներ Հայաստանի անկախացումից ի վեր խոշոր ներդրումներ են իրականացրել Հայաստանում, հիմնել ձեռնարկություններ` այդ կերպ նպաստելով ոչ միայն մեր տնտեսական աճին, այլև Հայաստան են ներմուծել լավագույն գործարար ավանդույթներ:

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր: Տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր: Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան:

Մենք խստորեն հետևելու ենք արդյունավետ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին:

Անխոս, հանձնառու ենք մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավմանը։ Մենք առաջնահերթություն ենք տալիս թվային կառավարության ներդրմանը՝ մեր ժողովրդին և գործարար շրջանակներին 21-րդ դարի պահանջներին համահունչ ծառայություններ մատուցելու նպատակով։ Օրինակ, այսօր յուրաքանչյուրը կարող է առցանց հետևել բյուջետային բոլոր ծախսերին, հարցումներ ու հարցադրումներ կատարել ՀՀ հանրային ծառայությունների մարմիններին և հետևել իր դիմումի կատարման ընթացքին, էլեկտրոնային կարգով ստանալ արտոնագրեր և այլ պետական ծառայություններ:

Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսում ենք շոշափելիորեն բարելավել նաև հարկային և մաքսային ոլորտները: Մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ։ Վերջերս, մենք հանձնառություն ենք ստանձնել մեր գործարար միջավայրը դարձնելու առավել կայուն և կանխատեսելի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմամբ և ներդրումների պաշտպանության սկզբունքներին հաստատուն հանձնառությամբ։ Այդ սկզբունքները, փաստացիորեն, ամրագրվեցին 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումներում, որտեղ գործարարության զարգացմանն ու ներդրումների դյուրացմանը նպաստող դրույթները հատուկ շեշտադրում ունեն։ Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը շուտով կիսանախագահական կառավարման ձևից անցում է կատարելու խորհրդարանականին։ Այս նախաձեռնությունը նաև տնտեսական նկատառումներով էր պայմանավորված, և մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավել արդյունավետ կլինի մեր երկրի համար, այդ թվում նաև՝ տնտեսական առումով։

Ընդամենը օրեր առաջ կազմավորված ՀՀ նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ ավելի գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Այս նպատակով մենք վերափոխեցինք մեր էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական զարգացման և ներդրումների» նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու և պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան: Բացի այդ, մենք լիազորել ենք նաև Հայաստանի զարգացման հիմնադրամին` բոլոր հարցերում անվերապահ աջակցել օտարերկրյա ներդրողներին:

Արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարևոր բաղադրիչ: Հետևաբար, պարտավորվում ենք ապահովել նաև պիլոտային օրենսդրական լուծումներ խոշոր ներդրողների համար, որոնք կցանկանան այսօրվա ու վաղվա Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։

Սիրով բոլորիդ սպասում ենք Հայաստանում։

Շատ շնորհակալ եմ ուշադրության համար, և եթե հարցեր կլինեն, ես հաճույքով կպատասխանեմ:

Ամենաընթերցվածը