Խայտառակություն եւ անբարո գործարք. Վանաձորը քաղաքապետ չունի

    • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2016, 09:25
Վանաձորի քաղաքապետի ընտրության գործընթացը խայտառակություն էր, և խայտառակություն էր առաջին հերթին ընտրված ՀՀԿ-ական քաղաքապետի համար: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Անազնիվ եղանակով, ցանկացած գնով ուղղակի պաշտոնին տիրանալը բարոյականության սահմաններում չտեղավորվող մի բան է, և թող որևէ մեկը չփորձի հիմնավորել, թե սա քաղաքականություն է: Սա անբարո գործարք է, որն ունեցել է երկու կողմ, կողմերից մեկը եղել է ՀՀԿ-ն, մյուսը՝ իրենց քվեն վաճառած այն ավագանիները, որոնք փորձել են հանրությանը ներկայանալ ոչ միայն ընդդիմադիրներ, այլ նաև ստորագրել են հուշագիր, որ ընտրելու էին Քրիստ Մարուքյանին: Եթե նրանք նման հուշագիր ստորագրած չլինեին, միգուցե ինչ-որ ձևով ուտվեր այս ամենը, բայց հուշագրից հետո սա ուղղակի խայտառակություն է»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ սա մեծ հարված է Վանաձորի նոր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, սա լեգիտիմության խորը ճգնաժամ է նրա համար, որը չի մոռացվելու և որից հետո դժվար թե որևէ մեկը հավատա, թե ազնիվ կառավարում է լինելու հանուն վանաձորցու:

Անդրադառնալով ԲՀԿ-ի ու Հայկական վերածնունդի ներկայացուցիչների հայտարարությանը, թե իրենց անդամները չեն ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկողները՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ եթե նրանք ապացույցներ ունեն, որ իրենց անդամներն այդպես չեն վարվել, ապա պարտավոր են դրանք ներկայացնել:

“Ես կասկածից հանում եմ Լուսավոր Հայաստանին, քանի որ ի սկզբանե հասկանալի ու սպասելի էր, որ մյուս երկու ուժերում՝ ԲՀԿ-ում ու Հայկական վերածնունդում կարող են նման խնդիրներ առաջանալ: Հատկապես Հայկական վերածնունդ կուսակցության առաջին հորիզոնականը զբաղեցնող անձի հետ կապված հայտնի պատմությունը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անել, բայց այս պահին ձեռնպահ կնամ: Ի վերջո, քրեական գործ կա՝ կապված այդ կուսակցության առաջին համարը զբաղեցնող անձի հետ”,- ասաց նա:

Սաֆարյանի խոսքով՝ սա, սակայն, չի նշանակում, որ խաղեր տվողները միայն կարող էին լինել Հայկական վերածնունդից:

Լուսավոր Հայաստանն, ըստ նրա, խոշոր հաշվով չկորցրեց այն, ինչ ուներ՝ ազնիվ ճանապարհով ձեռք բերված քվեն: Իսկ ոմանք հերթական անգամ Վանաձորում իշխանությունը նվիրեցին ՀՀԿ-ին:

«Բայց այստեղ ուրիշ հարց կա՝ եթե ՀՀԿ-ն ազնվության կողմնակից է և նրա համար մերժելի են գործարքները, ապա այդ դեպքում պետք է հայտարարի, թե ովքեր են ՀՀԿ խմբակցությանը միացած մյուս անդամները: Ինչո՞ւ են ամաչում դա անելուց: Եթե նրանք ստոր մարդիկ են, այդ քվեները ստոր քվեներ են, ապա այդ դեպքում ՀՀԿ-ն ինքը պետք է հրաժարվի այդ հաղթանակից: Իսկ եթե նրանք ազնիվ մարդիկ են, ապա այդ դեպքում ՀՀԿ-ն պետք է ազնվություն ունենա և հայտարարի, որ իր խմբակցությունը մեծացել է այս-այս անդամների հաշվին: Ինչո՞ւ են ուզում, որ խաղեր տվողներ լինեն, արդյոք դա քաղաքակա՞ն է, իհարկե, ոչ»,- հավելեց Սաֆարյանը:

Ամենաընթերցվածը