Նրանք, ովքեր շեղվել են ստորագրած հուշագրից, անբարոյականներ են. Հեղինե Բիշարյան

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2016, 19:21
Նրանք, ովքեր շեղվել են ստորագրած հուշագրից, անբարոյականներ են։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՕԵԿ («Հայկական վերածնունդ») խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը`  վստահություն հայտնելով, որ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանին կողմ քվեարկողներն իրենց կուսակցությունից չեն։  

«Ինձ համար անսպասելի էր, վստահ ենք, որ մեր խմբակցության ավագանու անդամները հինգ էլ քվեարկել են մեր թեկնածուի օգտին: Քաղաքական ուժեր ստորագրել էին հուշագիր, մադատ ստացած 18 անդամներն էլ Վանաձորի բնակիչներ էին: Էն մարդուն, որ իր որոշման հակառակ է քվեարկել, անբարոյական եմ համարում»,- ասաց Հեղինե Բիշարյանը: 

Հիշեցնենք, որ այսօր Վանաձորի ավագանի նիստում  այսօր քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն  Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ ձայն: Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: 

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այդ երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։

Փաստորեն Վանաձորի ավագանիում ոչ իշխանակում ուժերը ներկայացնող ավագանիներից ոչ բոլորն են քվեարկել ըստ ձեռք բերված պայմանավորվածության: Նրանցից 4-ը քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը: 

Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք վեարկեն իրենց թեկնածուի օգտին: