Ավազակային հարձակում Իջևանում. մեկ անձ կալանավորվել է

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2016, 19:05
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Իջևանում 69-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։

Նախնական տվյալներով՝ 2016թ-ի հոկտեմբերի 6-ին՝ երեկոյան, մի տղամարդ, փայտ վաճառելու պատրվակով, մուտք է գործել Իջևան քաղաքի 69-ամյա բնակչուհու տուն, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրել՝ ծեծել, բռնել կոկորդից և գումար պահանջել: Ստուգելով անկողինը, գրպանները՝ տղամարդը վերցրել է տարեց կնոջ դրամապանակում առկա մետաղադրամներն ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Իջևան քաղաքի բնակիչ է, 29 տարեկան, նախկինում 4 անգամ դատված։

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, կատարվել է նրա մարմնի քննում, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ամենաընթերցվածը