Շուտով կիմանանք, թե ընդդիմությունից ով է կողմ քվեարկել ՀՀԿ-ին. Էդմոն Մարուքյան

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2016, 16:14
«Սա նշանակում է, որ ճնշումները և այն, ինչ այս օրերին տեղի է ունենում, տեղ են հասել”,- լրագրողներին ասաց Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Վանաձորի քաղաքապետի քվեարկությանը: Նրա խոսքով՝ թե ընդդիմությունից ովքեր են կողմ քվեարկել ՀՀԿ թեկնածուին, դեռ կբացահայտվի:

«Ավագանու նիստերը դեռ լինելու են, և այդ նիստերի ընթացքում երևալու է, թե ով է կողմ քվեարկողը: Սա այնպիսի բան չէ, որ ծածուկ մնա: Մենք իմանալու ենք, ամեն ինչ անելու ենք, որ իմանանք, և հանրությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Մարուքյանը:

Այն, ինչ տեղի ունեցավ նախքան քվեարկությունը, Էդմոն Մարուքյանի խոսքով, արդեն փաստում էր, որ իշխանություններն ահաբեկելով ու վախեցնելով ձայներ են քաշել իրենց կողմը: «Որևէ խնդիր չկա, մենք կորցնելու բան չունենք, սա մեզ համար սպասելի էր: Այսպիսի հաղթանակը ՀՀԿ համար ես որևէ կերպ չեմ համարում հաղթանակ, որովհետև հուշագիր ստորագրած մարդկանց ճնշելը, որ իրենց օգտին քվեարկեն, դա  հանցագործություն է»,- հայտարարեց նա:

Մարուքյանը նաև Աստվածաշնչից հատված մեջբերեց ՝ չար ծառը բարի պտուղ չի կարող տալ: «Այն, ինչ տեղի ունեցավ, դա չար ծառի արդյունք էր»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստանը, ԲՀԿ-ն ու Հայկական վերածնունդը հուշագիր էին ստորագրել Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու համար: Եթե այս երեք ուժերի ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեին Մարուքյանի թեկնածությանը, Քրիստ Մարուքյանը կստանար 18 ձայն և կհաղթեր: Սակայն, ինչպես սպասվում, էր, փակ գաղտնի քվեարկության պայմաններում ոմանք կողմ քվեարկեցին ՀՀԿ թեկնածուին:

Ամենաընթերցվածը