«Իշխանությունն ազատել կասկածելի մարդկանցից». Առայժմ միակ դրականը

    • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 19:11
Կառավարության փոփոխությունը միայն անձերի փոփոփոխությամբ չպետք է պայմանավորվի, նաև ծրագրերը պետք է փոփոխվեն: Այս կարծիքին է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով  Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության կառուցվածքային փոփոխության ու նոր նախարարների նշանակման գործընթացին:

«Առայժմ ոչինչ չասող փոփոխություններ են, քանի որ այդ փոփոխությունների մոտիվացիան պետք է բացատրեն: Պետք է հասկանանք՝ այդ մարդիկ ինչ պատճառով են փոխվել, դրա արդյունքում արդյո՞ք այլ խնդիր է դրված տնտեսության կառավարման առումով: Հիմա միակ առավելությունը երևի այն է, որ հասարակությանը անհայտ դեմքեր են նշանակված նախարարների պաշտոնում: Եթե ձևակերպեն, թե ինչ են ուզում անել, դրա շրջանակներում կհասկանանք նաև, թե այդ մարդիկ ինչու են եկել կառավարություն»,- ասաց Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նաև հանրությանը պետք է բացատրի, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարեց, որ տնտեսության վիճակը չափազանց ծանր է:

«Առանձին բնագավառներո՞ւմ է այդ ծանր վիճակը, թե՞ տնտեսությունում ընդհանրապես, մակրոտնտեսական մակարդա՞կը չի բավարարում, թե՞ ընդհանրապես տնտեսության այսօրվա խնդիրներն այնքան բարդ են, որ լուծել հնարավոր չէ: Կուզեի, որպեսզի նախկինների հետ կապված գնահատական էլ տրվեր, թե այդ ծանր վիճակին հասցնելու պատճառը որն է»,- հավելեց նա:

Կառավարության ամենահրատապ քայլը, տնտեսագետի խոսքով, պետք է լինի վստահության մթնոլորտ ստեղծելը՝ ներդրումների խնդիրը լուծելու համար:

«Մինչև այսօր ամբողջ գործունեությունը միտված է եղել մի խումբ մարդկանց բիզնես շահերը պաշտպանելուն: Հիմա ես չեմ կարծում, որ բան է փոխվել: Ես որևէ քաղաքական որոշում դեռևս չեմ տեսնում, որ այդ մոտեցումը փոխվել է»,- ասաց Խաչատրյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ փորձում է հավատալ, որ փոփոխությունների սկիզբը դրված է: «Չեմ համարձակվում միանգամից հստակ ասել, բայց արդեն իսկ միայն այն հանգամանքը, որ փաստորեն նորանշանակ նախարարները կրիմինալ անցյալ չունեն, շատ դրական եմ համարում: Ես ուզում էի համոզված լինել, որ նոր վարչապետը կարողանալու է այդպես ճակատային փոփոխությունների ճանապարհով վերջապես իշխանությունն ազատել կասկածելի հարաբերություններում հայտնված մարդկանցից: Ճիշտ է, չեմ կարող համոզված ասել, բայց նկատում եմ, որ այդ գործընթացը իսկապես տեղի է ունենում»,- Lragir.am-ին ասաց Բոստանջյանը:

Տնտեսագետի խոսքով՝ իշխանությունն այս փոփոխությանը գնում է, որովհետև վիճակն իրոք շատ վատ է, ինչպես Կարեն Կարապետյանը հայտարարեց:

«Հասարակությունը, բոլորը գիտեն, որ վիճակը վատ է, ցցուն է դա: Այդ մասին հայտարարեց նաև վարչապետը, որ շատ ծանր վիճակ է: Հիմա բոլոր պարագաներում նույն ոգով ու նույն կեցվածքով շարունակելը հղի է չափազանց մեծ կորուստներով, այդ թվում՝ ամբողջ երկրի կորստով: Այսօր փաստորեն տնտեսվարող սուբյեկտը որպես այդպիսին չկա, քաղաքացին հակված է շուտափույթ պոկվել մեր երկրից, ճնշող մեծամասնությունը, որը փախչելու տեղ չունի, ստիպված իր գոյությունն է պահպանում՝ եկամուտ չունենալով... Նման ծայրահեղ իրավիճակը ենթադրում է ամայություն: Այս ամայությունը կասեցնելու համար, ինչ-որ դրական լույս վառելու համար պետք են արմատական փոփոխություններ»,- ասաց Բոստանջյանը: