Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներով

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 15:31
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է չինական «AVIC International» միջազգային կորպորացիայի նախագահ Լիու Ջունի գլխավորած պատվիրակությանը:

Լիու Ջունը նշել է, որ «AVIC International»-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները:

Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի հեռանկարները:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու «AVIC International»-ի նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից համագործակցությանն օժանդակելու պատրաստակամություն հայտնել: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ ըստ ոլորտների համատեղ ավելի առարկայական քննարկել հնարավոր ներդրումային ծրագրերը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: