Բերման է ենթարկվել Սևանի քաղաքապետը

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 15:03
Բերման է ենթարկվել Սևան քաղաքի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանը, գրում է ArmLur.am-ը: Քննչական կոմիտեի Սևանի  քննչական բաժնից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ, նյութեր են պատրաստվում Մարտունու քննչական բաժնում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 179-րդ հոդվածի, 2-րդ մասի, 1-ին կետի  հատկանիշներով՝ պաշտոնական դիրքը չարաշահելով՝ գույքի յուրացում. «Սովետի ժամանակներից մնացած ստորգետնյա խողովակներ կային, որոնք յուրացրել և վաճառել է մեկ ուրիշի»:  Այս կապակցությամբ Hraparak.am-ը գրում է. «Այսօր մենք լուր էինք գրել, որ նախընտրական թեժ մթնոլորտը հասել է գագաթնակետին։ Առաջադրված 7 թեկնածուից 3-ն են մնացել, ինքնաբացարկ է հայտնել անգամ ՀՅԴ-ի թեկնածուն՝ Արտակ Վարդանյանը։ Հիմնական պայքարը երկուսի միջեւ է՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի, որը պատերազմում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի դեմ, եւ անկուսակցական Սարգիս Մուրադյանի՝ Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալի, որի մասին Ղուկասյանն ասել էր, թե Սեւանում չի ապրել, Լճաշեն գյուղից է, ընտրությունների համար են 1 տարի առաջ գրանցել Սեւանում։

Երրորդն անկուսակցական Արա Սմբատյանն է։ Տեղեկություններ կան, որ ընտրություններին ակտիվորեն խառնվում է նաեւ ոստիկանապետ Գասպարյանը։ Նախորդ ընտրություններին նա աշխատել էր Ուդոյի օգտին, այս անգամ՝ մարզպետի թեկնածու Մուրադյանի։ Ինքը՝ մարզպետը, մարզում հայտարարել է, որ իր պատվի հարցն է՝ Ուդոն չպիտի ընտրվի»։