Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են ցուցահանդեսներ

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 14:25
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանների սպասասրահներում բացվել են լուսանկարչական ցուցահանդեսներ:

«Հանրապետության հրապարակ» կայարանում ներկայացվել են Խորհրդային Հայաստանի տարիներին Երևանում և հանրապետության մյուս բնակավայրերում կառուցված քաղաքաշինական բացառիկ շենք-շինություններ ու կոթողներ: Դրանցից շատերը որպես ճարտարապետական ժառանգություն փոխանցվել են նաև մեր անկախ հանրապետությանը: Ցուցադրությունը երևանցիներին ու քաղաքի հյուրերին Խորհրդային Հայաստանի այդ կոթողների մասին արժեքավոր տեղեկություններ ստանալու կամ վերհիշելու, իսկ ավելի երտասարդ սերնդի ներկայացուցիչներին ոչ վաղ անցյալի Հայաստանի կառույցների պատմությանը ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում:Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի սպասասրահում էլ ներկայացվել են Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի և մեր մյուս մեդալակիր ու մասնակից մարզիկների մրցելույթների հաղթական դրվագներ: Ցուցահանդեսները կգործեն մինչև հոկտեմբերի սկիզբ: