ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ չի խզի համաձայնագիրը. Արծվիկ Մինասյան

    • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 14:12
ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ չի խզի համաձայնագիրը և կշարունակի համագործակցել, այսօր հրավիրված ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նման հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:

«Չկա այդպիսի թեմա, հավատացեք: Հարաբերությունները կառուցվում են զուտ աշխատանքային, զուտ նպատակային ու ըստ էության: Անձնական սիմպատիաներ, անտիպատիաներ չկան»,- ասաց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ վարչապետի հարաբերությունները լարված են բոլոր ՀՅԴ-ական նախարարների հետ:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե տնտեսությունը ծանր վիճակում է:

«Ես՝ որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար և նախկինում էլ որպես էկոնոմիկայի նախարար, երբեք չեմ բարձրաձայնում դժվարության մասին, այլ փորձում եմ դժվարությունը հաղթահարելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկել: Այո, մարտահրավերները իրավիճակ են փոխել, և այդ իրավիճակը պահանջում է նոր, շատ ավելի խորքային ջանքերի գործադրում: Եվ այդ ջանքերի գորածադրումը պետք է անենք հավուր պատշաճի՝ վստահ առաջ գնալու նպատակով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե այսինքն սխա՞լ է, երբ վարչապետը հայտարարում է չափազանց ծանր վիճակի մասին, պատասխանեց. «Այսինքն՝ ես պատասխանեցի հարցին, որ ես տնտեսության բարեփոխման, տնտեսական առաջընթացի համար տեսնում եմ հիմնարար մոտեցումներ»:

Մինասյանը նաև ասաց, որ իր տեսլականը ներկայացրել է վարչապետին: «Ես ներկայացրել եմ թե հեռնակարային, թե կարճաժամկետ գործողություններ: Հեռանկարում ես կառուցել եմ իմ տեսլականը չորս հիմնարար հենասյուների վրա՝ տնտեսության արժեքային համակարգ, տնտեսության կառուցվածքային փոփոխություններ, տնտեսության կառուցվածքին հասնելու տակտիկական գործողություններ և տարածաշրջանային ու միջազգային ինտերգրման գործընթացներում իմ պատկերցումները: Հեռանկարում ես տեսնում եմ Հայաստանն առնվազն 5 մլն-ոց, և յուրաքանչյուր քաղաքացուն բաժին ընկած ՀՆԱ-ն պետք է լինի Արևելյան Եվրոպայի երկրների եկամուտին համարժեք: Պարոն վարչապետն ուսումնասիրել է, արձագանք չունեմ»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում