«Կարեն Կարապետյանն այլ անձի է տեսնում այդ պաշտոնում». Արծվիկ Մինասյանը հաստատեց

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 12:14

Հարցին, թե բնապահպանության նախարար լինելու առաջարկ ստացե՞լ է, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ասաց, որ տարբեր առաջարկություններ են ստացվել, դա պետք է քննարկեն ՀՅԴ-ում:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հեռանալուն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետի առաջարկությամբ նախարարությունը, եթե կառուցվածքային փոփոխությունները հաստատվեն, էկոնոմիկայի նախարարություն չի լինի, ինչի հետ ինքը համաձայն չէ:

«Այո, պարոն վարչապետը ցանկություն է հայտնել այդ պաշտոնում այլ անձի տեսնել: Ես որևէ ամբիցիա չունեմ», հայտարարեց նա:

Հարցին, թե վարչապետը հիմնավորե՞լ է՝ ինչու չի ուզում իրեն տեսնել այդ պաշտոնում, նա պատասխանեց.

«Յուրաքանչյուր վարչապետ ինքն է նախընտրում այն թիմը, այն անձին, որտեղ տեսնում է ավելի արդյունավետ մեխանիզմ: Ես որևէ ձգտում՝ ամեն գնով գտնվելու այս դիրքի վրա, չունեմ, դա ինքնանպատակ չէ»: