Ինչու էր Արծվիկ Մինասյանը հայտարարել, որ Կարեն Կարապետյանը պրոֆեսիոնալ չէ

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 12:06
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ իր պաշտոնանկության մասին լուրերին: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա արդեն հավաքել է իր իրերը և հեռանում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և առաջիկայում զբաղեցնելու է բնապահպանության նախարարի պաշտոնը:

Արծվիկ Մինասյանը դիմեց լրագրողներին՝ ասելով, որ ով ցանկություն ունի, հենց հիմա կաող է մտնել իր աշխատեսնյակ, տեսնել իր աշխատանքային գրաֆիկը:

«Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարականի խնդիր չկա, քանի որ մենք ժամանակավորապես զբաղեցնում ենք մեր պաշտոնները: Այս պահին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար եմ, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել նոր հրամանագիր», նշեց նա:

Նա նաև հավելեց, որ որևէ պաշտոն ՀՅԴ համար ինքնանպատակ չէ:

«Մեր համաձայնագրի հիմնական նպատակն է, որպեսզի բոլոր ուղղություններով մենք առաջընթաց ու զարգացում ունենանք: Մենք այդ համաձայնագրով ստանձնել ենք կառավարության ամբողջական պատասխանատվություն»:

Մինչ այդ, Արծվիկ Մինասյանը մոտ մեկ ժամ ներկայացրեց նախորդ յոթ ամիսների գործունեության հաշվետվությունը:

«Առաջին իսկ օրից սկսած ես դրել եմ կադրային քաղաքականության երեք հիմնական սկզբունք՝ պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն և պատասխանատվություն: Շատ շնորհակալ եմ, որ համակարգի աշխատակիցներից շատերը հարգել են այս մոտեցումը: Ես իմ մոտեցման կրողն եմ, շարունակելու եմ հետագայում նույնպես: Նախարարությունն իրոք այս ընթացքում աշխատել է գերբեռնված»,- ասաց նա:

Հարցին թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի իրագործման շուրջ տարաձայնություններ կան երկու ուժերի միջև, նա  պատասխանեց. «Բնականոնան  աշխատանքային գործընթաց է, չկա որևէ լարվածություն, խնդիր: Ես վստահ եմ, որ թե ՀՅԴ ԳՄ մարմինը, թե ՀՀԿ ղեկավար մարմինը հստակ և պարզ այդ համաձայնագիրը կյանքի կոչելու ուցղղությամբ գնում են առաջ: Չկա որևէ տարաձայնություն, թվացյալ լարվածությունն առանձին հատվածների ցակնությունն է, քան թե դա կա:

«Լավ չէ՞, որ մեր կառավարության նիստերն ընթանան բաց ու քննարկումների մթնոլորտում»,- հարցադրում արեց նա:

Ինչ վերաբերում է իր և վարչապետի հարաբերություններին, Մինասյանն ասաց, որ չկա որևէ լարվածություն, չի եղել որևէ կոնֆլիկտ:

«Ես իսկապես շնորհակալ եմ, որ վարչապետն ունի հստակ տեսակետ բիզնես հանրության բեռը թեթևացնելու, բյուրոկրատիան նվազեցնելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նախկինում իր արած այն հայտարարությանը, թե Կարեն Կարապետյանը պրոֆեսիոնալ չէ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ  հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ պարոն Կարապետյանը քաղաքապետ էր: