Տարոն Մարգարյան. «Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով»

  • Ներքին կյանք - 23 Սեպտեմբերի 2016, 11:01
Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Միջոցառումների անցկացման հետ կապված՝ քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք այս տարի պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով:

«Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն ցուցաբերեցինք ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Եվ դեռ այն ժամանակ նշել էի, որ այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից:

Ըստ այդմ , Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաև ծրագրում չենք ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:

Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ: Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, մենք պետք է այնպես անենք, որ լիարժեք ապահովենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի տոնական տրամադրությունն այդ օրը», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցությանը մասնակցող սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը զեկուցել է, որ սոցիալական բաղադրիչի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն իսկ կազմել է ընտանիքների ցանկը, որոնք կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում: Քաղաքապետը հանձնարարել է կազմել նաև սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի կազմակերպման ծրագիրը, որը ևս ներառված է տոնակատարության միջոցառումների ծրագրում և կկազմակերպվի հոկտեմբերին:

Աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին էլ հանձնարարվել է սեպտեմբերի 26-ին նախատեսվող մամլո ասուլիսին ավելի մանրամասն ներկայացնել տոնակատարության ծրագիրն ու միջոցառումների մանրամասները: